Արմավիրում կնորոգվի երկու վթարային շենք

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է Այգեստան համայնքի մանկապարտեզի բացմանը, որի վերանորոգման համար ներդրվել է 80 մլն դրամ: Մանկապարտեզի վերանորոգման միջոցները տրամադրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: Այն համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ միջոցներով, որտեղ հնարավորություն կունենան հաճախել 120 երեխաներ:

Այնուհետև, վարչապետն այցելել է Արմավիր քաղաք, որտեղ հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչներին: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար: Առաջիկայում շուրջ 50 ընտանիքներ կտեղափոխվեն Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենք՝ վերջինիս վերանորոգումից և բնակարանային հարմարավետ պայմանների ստեղծման աշխատանքների ավարտից հետո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: