Աշխատավորների երթը դարձել է փոքրամաս-նությունների ցույց

 Ծիածանագույն դրոշները` որպես խորհրդանիշ, Պետերբուրգում արգելված են ոչ վաղուց: Ըստ BBC գործակալության` տարբեր կազմակերպությունների շարքերում նշված դրոշը պարզած ակտիվիստները ձերբակալվել են: Շարասյունը կանգնել է և հրաժարվել երթը շարունակել, քանի դեռ ակտիվիստներին ազատ չեն արձակել:

Տոնական քայլերթը փոխվել է ցույցի: Սակայն Սմոլենսկի օրինականության և օրինապահության կոմիտեի ներկայացուցիչները ցուցարարներին համոզել են երթը շարունակել: Երթի մասնակիցներից շատերը, այդ թվում` «Յաբլոկո» խմբակցության պատգամավոր Մաքսիմ Րեզնիկը, կապել են գույնզգույն ժապավեններ, իսկ ոչ ավանդական սեռական կազմակերպության ներկայացուցիչներն ստանձնել են երթն առաջնորդողների դերը:

Կոնյուշեննոյ հրապարակում ոստիկանությունը ձերբակալել է նշված խորհրդանիշները կրողներից ևս չորսին. երթի մասնակիցները սկսել են գոռալ. «Ամոթ, ամոթ»:

Ընդհանուր առմամբ` ձերբակալվել և բերման է ենթարկվել 17 մարդ:

Նշենք, որ Պետերբուրգում քաղաքային խորհուրդը փետրվարի 29-ի որոշմամբ անօրինական էր ճանաչել «արվամոլության, լեսբիանիզմի, երկսեռայնության և տրանսսեռայնության» հրապարակային քարոզչությունը:

Դրանից բացի, մինչև երթի մեկնարկը ոստիկանությունը ավտոբուս էր տարել և անձնական խուզարկության ենթարկել սև դրոշներ կրող տասնյակ երիտասարդների: Ոմանց մոտից առգրավվել էին դանակներ և գազային բալոններ: Երիտասարդներն իրենց կոչել էին ազգային-սոցիալիստներ:

Ընդհանուր առմամբ, երթի թույլտվության քվեարկության էր դրվել 16 դիմում, և բոլորն էլ հաստատվել էին: Դա հիմք էր դարձել, որ մայիսմեկյան Պետերբուրգը մարդիկ կոչեին Ռուսաստանի ընդդիմադիր քաղաք: Իսկ Մոսկվայում հիմնական ցույցերը նախատեսվում են մայիսի 6-ին` նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության նախօրյակին: