Ընտրահայացք այսօրվան

 

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ առաջնորդը հիշել է, որ մի շարք մարդիկ ձեռք են բերել գործարաններ և այս տարիներին չեն աշխատեցրել դրանք: Ըստ Արթուր Բաղդասարյանի. «Պետք է կանչել ու ասել. «Այ ընգեր, ինչի՞ չես աշխատացնում» »: Նա կարևորել է նաև գիտության զարգացման խնդիրը` ձևակերպելով. «Նոր աշխարհում ռումբերն ու հրթիռները չեն առավելություն լինելու, գաղափարներն են լինելու»:

«Ժառանգության» հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է վատ բաները ժառանգություն չթողնելու մասին: «Որոշ բաներ կան, որ մեր թոռնիկների թոռնիկներին չպիտի թողնենք. մենք էս կուսակցական մտայնություններից պիտի դուրս գանք, մեր թոռնիկներին ազատենք էս կուսակցական դրոշներից»: Հովհաննիսյանը հուսառատ կանխատեսումներ է արել. «Մենք նախորդ հինգ տարիներին եղել ենք փոքրամասնություն, և մեր յոթ պատգամավորների կատարած աշխատանքը բոլորը շատ լավ տեսել են: Հիմա արդեն ժամանակն է, որ մենք լինենք մեծամասնություն և ձևավորենք կառավարություն»:

Լոռեցիների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդը խոսել է երկրաշարժից մնացած բնակարանային խնդիրները լիովին լուծելու մասին, ինչը  հնարավոր է ավարտել հինգ տարում: «Մարդիկ, ովքեր որ օրենք են գրում, նրանք պիտի հայ ժողովրդի կյանքով ապրեն, նրանց հոգսերը կիսեն, ոչ թե այսօր ճառերն ասացին, գնացին, հինգ տարին անցավ, նորից եկան «Ժողովուրդ ջան, թոշակները բարձրանալու ենք և վերջ» »,- ասել է նա: ԲՀԿ առաջնորդը խոսել է աշխատանքի և վաստակի մասին. «Աշխատող մարդուն ով որ խանգարեց, ժողովրդի թշնամին է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

ՀԱԿ-ը Վանաձորում հորդորել է ամեն պահի լինել թեկնածուների կողքին. «Եթե նույնիսկ անելու որևէ բան չունեք, եկեք կանգնեք շտաբի կողքը ու ծխեք, որ ոչ մի անկարգություն չլինի»,- ասել է Արամ Մանուկյանը: «Մենք հանդուրժել չենք կարող, այս վիճակը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել. ես կոչ եմ անում ձեզ` օգտագործել այս հնարավորությունը, մասնակցել և ընտրել ՀԱԿ-ին»,- նշել է Ստեփան Դեմիրճյանը: «Հաղթելու ենք» կարգախոսով ՀԱԿ-ը վստահ է` «Հաղ-թա-նակ» վանկարկելու է նաև մայիսի 7-ին:

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հավաստել է, որ կա իրական հնարավորություն կրկնապատկել ՀՅԴ-ի խորհրդարանական ներկայությունը: Հովհաննիսյանը ընտրարշավը նորմալ է համարել` նշելով, որ պատրաստ է բանավիճել բոլորի հետ` առանձին-առանձին, խումբ-խումբ կամ բոլորն իր դեմ ֆորմատներով: Վաղը ժամը 18:00-ին ՀՅԴ-ն մայրաքաղաքում հանրահավաք-համերգ է կազմակերպել. ելույթ է ունենալու Empyray ռոք-խումբը: