Վարչական ողջ ռեսուրսն օգտագործվում է. Ա.Մարտիրոսյան

« «Ժառանգության» հետ կապված պարբերաբար սուտ տեղեկություններ են տարածվում` ուղեկցվելով ցեխարձակումներով. ըստ դրանց` «Ժառանգություն»-ը վաղուց պիտի լիներ կոալիցիայի մեջ»,- նշեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» հաղորդման տաղավարում:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ազգային ժողովն այն հարթակն է, որտեղից պետք է իրականացվի կոռուպցիայի դեմ պայքարը` սկսելով անհատապես յուրաքանչյուր մարդուց: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն օրինակը, ըստ նրա, «Ժառանգություն»-ն է, որ չնայած բազմաթիվ գայթակղություններին` այս տարիների ընթացքում գործարարությամբ չի զբաղվել: Ըստ նրա` իրենց կուսակցության` փոքրաթիվ ներկայացուցիչներ ունենալն իրենցից յուրաքանչյուրին «ավելի մեծ սեղանի հնարավորություն» էր տալիս, սակայն իրենք ամուր են մնացել իրենց սկզբունքներում:

Մարտիրոսյանը քաղաքական հակակշիռ ուժերի անհրաժեշտությունը չի տեսնում` համարելով, որ այդ հակակշիռներն էլ կարող են զբաղվել գործարարությամբ` հետևաբար, ունենալ միևնույն շահերը: «Մեկ թե մի քանի կուսակցության շարքերում, եթե մարդիկ ունեն միանման բիզնես-հետաքրքրություններ, օրենքները կդակվեն` առանց հասարակ քաղաքացու իրական մտահոգությունները հաշվի առնելու»,- նշեց նա:

«Ժառանգություն»-ն, ըստ նրա, նախատեսում է «Ընդդիմության մասին» օրենքով վերահսկողական լծակները տալ ընդդիմությանը. «Հենց սա է բերելու մեր քաղաքական համակարգի առողջացմանը. մտրակն իր ձեռքում պահելով` ընդդիմությունն իշխանությանը միշտ զգոն է պահելու»,- նշեց նա:

Մեկնաբանել