Հրապարակելու եմ ընտրախախտումները` անուն առ անուն. Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում ներկայացրեց իր արձանագրած ընտրախախտումների ցուցակը. «Եվ ես այդ ցուցակը անուններով եմ հրապարակելու` անուն առ անուն, քանի որ ես արդեն ոչ միայն որպես թեկնածու եմ հանդես գալիս, այլև` որպես լրագրող, և ավելի լավ է` ես հրապարակեմ այս անունները, և այս մարդիկ պատժվեն` իրենց Sas-group-ը աշխատանքից հեռացնի, քան` պատժվեն` պատասխան տան օրենքի առաջ` օրենքի ողջ խստությամբ»:

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ ցուցակում նշված են Sas-group-ի աշխատակիցները, թե ով որտեղ է` որպես վստահված անձ ներկայացված. ընտրատեղամաս կա, որտեղ միանգամից 3 մարդ կա այս կազմակերպությունից. «Եթե մեկը ՀՀԿ-ի կողմից է (Արտակ Սարգսյանի), ովքե՞ր են մյուսները: ՀՅԴ-ն հայտնել է, որ ինձ է աջակցում, ովքե՞ր են մյուս երկուսը և ո՞ւմ կողմից են»:

Սեյրանյանը խոսեց նաև նախընտրական բանավեճերից` իր բոլոր մրցակիցների խուսափելու մասին: «Ես ուզում եմ իմ բազմաթիվ հարցերի պատասխանն իմանալ»,- նշեց նա:

Ըստ նրա` Արտակ Սարգսյանը քաղաքական առողջ պայքարից խուսափելով` ցույց է տալիս, որ ԱԺ-ում անելիք չունի: «Եթե այդ մարդու մանկության երազանքը եղել է մանդատը, թող տան համամասնական ցուցակով, ու թող թողնեն ընտրությունները նորմալ անցնեն: Մարդիկ շատ-շատ հուսահատված են: Ես ամեն օր տեսնում եմ մարդկանց, որ գնում են ու կապ չունի թե այդ գնացքը որ կողմն է գնում: Գնում են նաև սոցիալապես քիչ թե շատ ապահովները, քանի որ տեսնում են, թե ովքեր են իշխում, ու ինչպես են ընտրվում»,- նշեց նա:

Սեյրանյանը վստահ է, որ ընտրությունների օբյեկտիվությունը կպահպանվի թե դիտորդական կազմակերպությունների, թե լրատվամիջոցների աշխատանքի միջոցով: «Իմ մեջքին արաբկիրցիներն են կանգնած, և անկախ այդ վախի մթնոլորտից` ես դա տեսնում եմ, այդ աջակցությունը կա»,- նշեց նա:

Հիմա այն պահն է, ըստ նրա, երբ յուրաքանչյուր մարդ պիտի անի, ինչ կարող է, քանի որ այս պահին երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Ցանկացած կին ինձ կհասկանա. ինչքան ծանր է ծննդաբերելուց մոտ երեք ամիս անց մտնել պայքարի մեջ: Բայց ես դա արել եմ: Եվ որպես լրագրող, և որպես մայր, և որպես կին ես դիմել եմ այս քայլին, քանի որ ուզում եմ այս երկրում ապրել: Իմ պես մարդիկ են այս երկրին պետք` մտավորական, աշխատող, իսկ Արտակ Սարգսյանի պես մարդիկ պետք են երևի կուսակցությանը»: