gt հաքաթոն Հայաստան 2012 մրցույթում հաղթել է 2 թիմ

Հայտնի են «gt հաքաթոն Հայաստան 2012»  մրցույթի հաղթողները: «Լավագույն ծրագրային լուծում Android օպերացիոն համակարգով սարքերի համար» անվանակարգում (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) հաղթող է ճանաչվել Event Guide նախագիծը (թիմի ղեկավար՝ Մինաս Քեշիշյան): Այս մասին ՍիվիլՆեթ-ին տեղեկացրեց մրցույթի նախաձեռնող, GTUG Հայաստան խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը:

Event Guide-ը ծրագիր է, որի միջոցով օգտագործողները կարող են տեղեկանալ Հայաստանում սպասվող սպորտային, մշակութային իրադարձությունների մասին: Ծրագրում հնարավորություն կա նաև առանձնացնել նախընտրելի միջոցառումները, գտնել մոտակայքում տեղի ունեցող իրադարձություները, կատարել ընդլայնված որոնում և այլն: Թիմը ներկայացրել է ծրագրի նախնական (demo) տարբերակը:

Վարդան Գրիգորյանի խոսքով, նախագծող թիմը հետագայում մտադրված է ավելացնել նաև Event Guide-ի միջոցով տոմսեր գնելու հնարավորություն:

Իսկ «Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար» անվանակարգում (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) հաղթել է Me Chat նախագիծը (թիմի ղեկավար՝ Կարեն Ղանդիլյան): Me Chat-ը հավելում է Chrome բրաուզերի համար: Այն սոցցանցերի չատերի կենտրոնացված հավելված է, որի միջոցով հնարավոր է տեսնել տարբեր սոցցանցերում օնլայն ընկերներին: Բացի դրանի հավելվածում կա օնլայն թարգմանության հնարավորությունը: «Եթե գրում ես հայերեն կամ ռուսերեն և զրուցակիցդ անգլերեն է միայն հասկանում, ապա կա հնարավորություն միանգամից օնլայն թարգմանել Google translate-ի միջոցով»,-ընդգծեց  Գրիգորյանը:

gt հաքաթոն Հայաստան մրցույթին մասնակցել է  15թիմ: Android անվանակարգում երեք թիմ արժանացել է խրախուսական մրցանակների, իսկ Chrome անվանակարգում՝ երկու թիմ: Հաղթող թիմերը բացի մրցանակներից հուլիսին մեկնելու են Վրաստան` մասնակցելու կովկասյան մասշտաբով Google Technology User Group խմբերի միջոցառում-հաքաթոնին:

Հաքաթոնը նպատակ ունի նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

 «gt հաքաթոն Հայաստան 2012»-ի կազմակերպիչներն էին Google Technology User Group Armenia-ն և Սոցիալական մեդիայի հայկական ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Հաքաթոնները ծնունդ են առել Սիլիկոնային հովտում: Դրանք ծրագրավորման միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով խնդիրների լուծումներ նախագծելուն նորարարական տեխնոլոգիաներով: «Հաքաթոն» տերմինը գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից. վերջինս տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։