Կապամոնտաժվի Արաբկիր-Քանաքեռ ուղեմասի հատվածներից մեկը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մոտակա ժամանակում կսկսի Արաբկիր-Քանաքեռ ուղեմասի հատվածներից մեկի ապամոնտաժումը: Այս մասին տեղեկացնում են «ՀԿԵ» մամուլի ծառայությունից:

Մոտ 890 մ երկարություն ունեցող այս հատվածը ներկա պահին չի օգտագործվում երկաթուղային հաղորդակցության համար և անցնում է «Երևան» երկաթուղային կայարանից  Տիգրան Մեծի պողոտայում գտնվող երկաթուղային կամրջով՝ ավարտվելով Սարալանջի փողոցի սկզբնամասում:

«ՀԿԵ»-ն ապամոնտաժումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:

Ապամոնտաժված հատվածի ամբողջ գույքն ու նյութերն օգտագործվելու են երկաթուղու կարիքների համար: Աշխատանքների ավարտից հետո երկաթուղու այս հատվածն ու հարակից տարածքները անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվեն Երևան համայնքին քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։

Այս քայլն ուղղված է «ՀԿԵ»-ի արդիականացմանը, որի շրջանակներում, արդեն վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ. փայտե կոճղ, վերակառուցվել են Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները:

Միայն 2012-ին նախատեսվում է կապիտալ վերանորոգել մոտ 20 կմ գիծ, ուժեղացված վերանորոգման մեջ ընդգրկել շուրջ 145,6 կմ գիծ: