Sharak-ը կնվագի Կասկադի վերնահարկում

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում մայիսի 4-ին հանդես կգա Sharak ջազ-ռոք խումբը: Կվինտետը կկատարի սեփական ստեղծագործությունները և  ջազ ստանդարտներ: Խումբը կազմավորվել է Արմեն Հյուսնունցի մտահղացմամբ մոտ մեկ տարի առաջ: Նկատելով, որ իր շատ ստեղծագործություններ չեն համապատասխանում գոյություն ունեցող խմբերի ուղղվածությանը, ջազմենը ստեղծել է հերթական նոր ջազ-ռոք խումբը: Վերջինիս կազմում ինքն է` Արմեն Հյուսնունցը, որը նաև  Հայաստանի ամենահայտնի սաքսաֆոնահարն է, պետական ջազ-բենդի և մի քանի խմբերի գեղարվեստական ղեկավարը, դաշնակահարը Կարեն Մամիկոնյանն է, իսկ հարվածային գործիքներով նվագում է Հակոբ Օրդակյանը:  Կիթառահար Գագիկ Խուդավերդին և բաս կիթառահար Էդգար Սահակյանը քաջ ծանոթ են հանդիսատեսին Dorians-ի կազմից:  

Ջազ-բենդի բոլոր սեփական ստեղծագործությունների հեղինակը Արմեն Հյուսնունցն է: Հնգյակը նվագում է ջազ-ռոքի դասականների  ստեղծագործություններ` Ջոն Զավինուլ, Մարկուս Միլլեր, Չիկ Կորիա և այլն: