ԱՄՆ-ում աճում է մուսուլմանների ու մորմոնների թիվը

Համաձայն նրանց ներկայացրած վիճակագրության՝ 2010թ. ԱՄՆ-ում ապրել է իսլամի 2,6 մլն հետևորդ. 2000թ. նրանց թիվը 1 մլն է եղել։ Ընդ որում՝ մուսուլմանների թիվն առաջին անգամ գերազանցել է հրեաների թիվը երկրի միջին արևմուտքի նահանգների մեծ մասում և հարավի մի շարք նահանգներում։ Հետազոտող Դեյլ Ջոնսի խոսքով՝ ԱՄՆ-ում մուսուլմանների թվի աճին նպաստում են ներգաղթն ու դավանափոխությունը։

«Քրիստոնյաները կրոնական խոշորագույն խումբն են բոլոր նահանգներում։ Քրիստոնեական կոնֆեսիաների շրջանում թվի առավել մեծ աճ են արձանագրում մորմոնները»,- նշում է Ջոնսը։ Նրանց թիվը 2000-2010 թթ. աճել է 45%-ով՝ մինչև 6,1 մլն մարդ։

Կաթոլիկ եկեղեցու ծխականների թիվը տասը տարիների ընթացքում նվազել է 5%-ով՝ մինչև 58,9 մլն մարդ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բողոքականության հետևորդների թիվը նույնպես կրճատվում է։ Բապտիստների թիվը պահպանվել է նախկին մակարդակում՝ 19,9 մլն մարդ, մեթոդիստներինը կրճատվել է 4%-ով՝ մինչև 9,9 մլն մարդ, լյութերականներինը կրճատվել է 18%-ով՝ մինչև 4,2 մլն մարդ, Եպիսկոպոսական եկեղեցու հետևորդներինը կրճատվել է 15%-ով՝ մինչև 1,95 մլն մարդ։

Բուդդայականների թիվը ԱՄՆ-ում մոտ 1 մլն է և ըստ հետազոտողների՝ աճում է։ 

Զեկույցում նշվում է, որ ամերիկացիների 55%-ը պարբերաբար մասնակցում է կրոնական արարողությունների։ Մոտ 158 մլն մարդ՝ երկրի բնակչության կեսից քիչ ավելին, իրեն չի համարում նշված կրոններից որևէ մեկի հետևորդ։ ԱՄՆ-ի կառավարությունը կրոնական պաշտոնական վիճակագրություն չի կազմում։ Զեկույցը պատրաստելու համար հեղինակները դիմել են երկրում ներկայացված 236 կոնֆեսիաների ղեկավարներին՝ խնդրելով «մարդահամար» անցկացնել իրենց կրոնական խմբերի շրջանում։