ՀՀ ոստիկանությունը պատասխանել է Վարդան Օսկանյանին

ՀՀ ոստիկանությունը արձագանքել է Վարդան Օսկանյանի` ընտրացուցակներում տեղ գտած որոշ անճշտությունների վերաբերյալ որակմանը: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, զանգվածային լրատվության որոշ միջոցներում հրապարակված «Ինչ-որ մեկն ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել» և մի շարք այլ հոդվածներում նշվում է, որ Վարդան Օսկանյանը ընտրողների ցուցակներում մի տառի փոփոխմամբ նույն անվանման առկայությունը որակել է որպես միտում: Ըստ հաղորդագրության` որպես օրինակ բերվել են «Արմեն Վահագնի Պողոսյան» և «Արմեն Վահագնի Պաղոսյան», «Հրաչիկ Օլյայի Գրիգորյան, «Քրմաչյան» և «Ղրմաչյան» անհատական տվյալները:

«ՀՀ ոստիկանությունը անթույլատրելի համարելով նման կասկածամիտ ու կանխակալ դատողությունները` ՀՀ քաղաքացիներին պարզաբանում է.

26.07.1996 թ. Հրաչիկ Օթյայի Գրիգորյանին անձնագիր տրամադրելիս, անձնագիր տալու մասին դիմումում նշված հայրանվան` «Օթյայի» փոխարեն սխալմամբ ավտոմատացված համալիրի պահոց մուտքագրվել է «Օլյայի» բառը: Արդյունքում` բնակչության պետական ռեգիստր մուտքագրված սխալ տվյալը փոխանցվել է ընտրողների ռեգիստր: 17.07.1995 թ. Ամալյա Սուրենի Ղռմաջյանին և 30.03.1995 թ. Արսեն Վահագնի Պողոսյանին անձնագիր տրամադրելիս` սխալմամբ համապատասխանաբար նշվել են «Քրմաջյան» և «Պաղոսյան» ազգանունները: 31.07.1995 թ. Ամալյա Ղռմաջյանին և 05.04.1995 թ. Արսեն Պողոսյանին տրամադրվել է շտկված ազգանուններով անձնագրեր, սակայն ավտոմատացված համալիրի պահոցում նախկին տվյալներն անվավեր չեն ճանաչվել: Ընդ որում` սխալ տվյալներով անձնագրերը սահմանված կարգով ոչնչացվել են դեռևս 1995 թվականին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ անճշտությունները շտկվել են, և վերջնական ցուցակները հրապարակելիս թերությունները վերացված կլինեն:

Մեկնաբանել