Facebook-ի IPO-ն նշանակված է մայիսի 18-ին

Համաշխարհային խոշորագույն սոցցանցի IPO-ն կմեկնարկի ընթացիկ  տարվա մայիսի 18-ին, հաղորդում է Associated Press-ը։ Facebook-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը 2004թ. Google-ի «հանրայնացումից» հետո  ֆինանսական աշխարհի ամենասպասված իրադարձությունն է։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մայիսի 7-ից Facebook-ը  road show կիրականացնի՝ նախքան բաժնետոմսերի տեղաբաշխումը ընկերության կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն՝ ուղղված ընկերության առաջընթացի ապահովմանը, հեղինակության բարձրացմանն ու ներդրումային գրավչության մեծացմանը։ Որոշ հանդիպումների կմասնակցի նաև ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։   

Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Facebook-ը ծրագրում է $5 մլրդ-ի բաժնետոմս տեղաբաշխել՝ ընկերության $100 մլրդ գնահատման դեպքում։

Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

Հիշեցնենք, որ սոցցանցի բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա ամերիկյան Nasdaq բորսայում։

Facebook-ի ֆինհաշվետվության համաձայն՝ 2012թ. 1-ին եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 12%-ով՝ կազմելով $205 մլն։ Հասույթն աճել է 45%-ով՝ գերազանցելով $1 մլրդ-ը։ Սոցցանցի օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը։