«Օսկարի» թատրոնը կրկին կվերանվանվի

Լոս Անջելեսի հանրահայտ կինոթատրոնը, որտեղ անցնում են «Օսկարի» մրցանակաբաշխության ամենամյա արարողությունները, հերթական անգամ փոխում է իր անունը: Այսուհետև այս թատրոնը, որը նախկինում կոչվում էր «Հոլիվուդ էնդ Հայլենդ», իսկ ավելի վաղ` «Կոդակ», կոչվելու է «Դոլբի»:

Թատրոնի սեփականատեր «Սի-Այ-Էմ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել հնչյունային սարքավորումների խոշոր արտադրող «Դոլբի լաբորատորիզ»-ի հետ: Համաձայնագրով նախատեսվում է, որ մոտակա 20 տարվա ընթացքում «Դոլբին» նոր հնչյունային սարքավորումներ կմատակարարի թատրոնին, որը դրա դիմաց կփոխի իր անվանումը: Համաձայնագրում կա նաև կետ, որի համաձայն` Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան պարտավորվում է առաջիկա 20 տարվա ընթացքում «Օսկարի» մրցանակաբաշխության արարողություններն անցկացնել հենց այս թատրոնում, որը նախատեսված է 3,4 հազ. հանդիսականի համար:

Նշենք, որ մինչև ընթացիկ տարվա փետրվարը թատրոնի հովանավորն էր «Իսթմեն Կոդակ» ընկերությունը, որը 2001-ին $75 մլն էր վճարել այն բանի համար, որ թատրոնն իր անունով կոչվի: Հետագայում ընկերությունը սնանկացել է և լուծարել համաձայնագիրը շենքի սեփականատերերի հետ` այլևս չկարողանալով տարեկան $4 մլն վճարել լեգենդար թատրոնի անվանման մեջ իր անունը պահպանելու համար: