Աուն Սան Սու Չժին երդվեց խորհրդարանում

«Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդն ու նրա կողմնակիցները դժգոհություն էին հայտնել երդման տեքստի ձևակերպումների կապակցությամբ։ Մասնավորապես՝ նրանք ցանկանում էին երկրի զինվորական կառավարության ընդունած գործող Սահմանադրությունը «պաշտպանելու» պատրաստակամության մասին ձևակերպումը փոխարինել փաստաթուղթը «հարգելու» մասին ձևակերպմամբ։

Ըստ New York Times-ի՝ Աուն Սան Սու Չժին համաձայնել է մասնակցել երդմնակալության արարողությանը մյուս պատգամավորների խնդրանքով։

Աուն Սան Սու Չժիի կուսակցությունը մեկ ամիս առաջ ջախջախիչ հաղթանակ էր տարել Մյանմարի խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում. 45 տեղերից Լիգան ստացել էր 43-ը։

Չնայած դրան՝ Սու Չժիի կողմնակիցների ազդեցությունը խորհրդարանում բավական աննշան է լինելու, քանի որ պատգամավորական մանդատների 1/4-ը պատկանում է զինվորականների դրածոներին, իսկ մյուս տեղերը զբաղեցնում են իշխող կուսակցության անդամները։

Այդուհանդերձ, քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ խորհրդարանում ժողովրդավարական ընդդիմության ի հայտ գալը կարևորագույն փուլանիշ է Մյանմարի պատմության մեջ։

2011թ. Մյանմարում ժողովրդավարական բարեփոխումներ սկսվեցին։ Զինվորական խունտայի փոխարեն պետության ղեկավար դարձավ ընտրված նախագահը։ Թեև երկրի ղեկավարությունում դեռևս շատ են զինվորականների ներկայացուցիչները, Մյանմարում տեղի ունեցող փոփոխություններն Արևմուտքում դրական են գնահատում։