Նախագահը Եվրախորհրդարանից


Հունգարիայի խորհրդարանը այսօր նախագահ է ընտրել երկրի իշխող «Ֆիդես» կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր 52-ամյա Յանոշ Ադերին։ Խորհրդարանի 386 պատգամավորներից Ադերին կողմ է քվեարկել 262-ը, դեմ՝ 40-ը։

Մյուսները՝ հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։

Յանոշի թեկնածությունը ապրիլի 16-ին առաջադրել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը «Ֆիդես»-ի առաջնորդն է։ Հիշեցնենք՝ երկրի նախորդ նախագահ Պալ Շմիտը հրաժարական էր տվել սկանդալի պատճառով, որի շրջանակում նրան մեղադրել էին դոկտորական ատենախոսության գրագողության մեջ։ Մարտի 30-ին Շմիտը զրկվել էր դոկտորական աստիճանից, իսկ ապրիլի 2-ին՝ նախագահի աթոռից։

Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները դժգոհություն էին հայտնել պետության ղեկավարի պաշտոնին վարչապետի զինակցի առաջադրման կապակցությամբ։ Չնայած ծիսակարգային կարգավիճակին՝ նախագահը ոչ միայն խորհրդարանի ընդունած օրինագծերի նկատմամբ վետո կիրառելու, այլև օրենսդիր մարմինն արձակելու իրավունք ունի։

Պալ Շմիտը, որը նույնպես «Ֆիդես»-ի անդամ էր, հավանություն է տվել իշխող կուսակցության ճնշող մեծամասնությամբ ընդունված բոլոր նախագծերին։ Միևնույն ժամանակ, նրա նախորդները բազմիցս օգտագործել են վետոյի իրենց իրավունքը։

Յանոշ Ադերը մասնագիտությամբ իրավաբան է։ 1990թ. առաջին անգամ ընտրվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր։ Նույն՝ 1990թ., ինչպես նաև 1994թ. ու 1998թ. գլխավորել է «Ֆիդես»-ի նախընտրական արշավը։ 1998-2002 թթ. եղել է խորհրդարանի խոսնակ, 2002-2006 թթ. գլխավորել է «Ֆիդես»-ի խմբակցությունը։ 2009թ. ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։

Ադերի նախագահական լիազորությունների ժամկետը լրանալու է 2017թ.։

Մեկնաբանել