Ավելի հեշտ է աշխատել երիտասարդների հետ. Սիմոնա Դիներսթին

Ամերիկացի դաշնակահարուհի Սիմոնա Դիներսթինը հայտնի է դարձել 2007-ին սեփական միջոցներով Յոհան Սեբաստիան Բախի «Գոլդբերգ վարիացիաներ»-ը ձայնագրելուց հետո: Մեկ ժամ 18 րոպե տևող գլուխգործոցի կատարումը նրան թե ստեղծագործական, թե կոմերցիոն հաջողություն է բերել: Նախկինում դաշնամուրի ուսուցիչ Սիմոնա Դիներսթինն  այսօր բուռն համերգային կյանք է վարում, IMG Artists և Sony Classical Artists անդամ է, Astral Artist National Auditions և Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր: Այսօր նա առաջին անգամ հանդես կգա Երևանում, Պետական երիտասարդական նվագախմբի հետ`կատարելով Մոցարտի թիվ 21  դաշնամուրային կոնցերտը: Համերգից առաջ դաշնակահարուհին պատասխանել է ՍիվիլՆեթ-ի հարցերին:

Դուք Բրուքլինում եք մեծացել, հարցազրույցներից մեկում ասել եք, որ երեխա ժամանակ սիրում էիք լսել Բոբ Դիլանի և Բիթլզի երաժշտությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ դաշնակահար դարձաք:

-Դասական երաժշտության հանդեպ սերն ինձ մոտ արթնացավ, երբ բալետի էի հաճախում: Դաշնակահարը Շոպեն էր նվագում, ինչն էլ դարձավ իմ առաջին ծանոթությունը դասական երաժշտության հետ: Ես սկսեցի հետաքրքրվել և խնդրեցի ծնողներիս դաշնամուրի դասերի տանել ինձ: Հենց այդպես էլ սկսվեց:

Բավական երկար ժամանակ Դուք Բախի «Գոլդբերգ վարիացիաներ»-ի կատարումով էիք ներկայանում:  Մտավախություն չեք ունեցել, որ Ձեր անունն այդպես էլ կապված կմնա միայն այդ ստեղծագործության հետ:

-Այժմ ես շատ տարբեր երաժշտություն եմ կատարում: Բախն իմ սիրելի կոմպոզիտորներից է, և եթե իմ անունը պիտի կապվի որևէ կոմպոզիտորի անվան հետ, ապա ինչը կարող է ավելի պատվաբեր լինել, քան Բախի անվան կողքին սեփական անունը տեսնելը:

–  Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք համերգով հանդես գալ Հայաստանում:

-Ես լսել էի Հայաստանի մասին: Ցավոք, բացի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից այլ կոմպոզիտորների ծանոթ չեմ, սակայն այս համերգի ընթացքում պիտի լսեմ նաև Կոկժաևի և Միրզոյանի երաժշտությունը, ինչին շատ սպասում եմ: Իսկ այստեղ ինձ հրավիրեց Սերգեյ Սմբատյանը, ում հետ ինձ ծանոթացրել է իմ մենեջերը, որը նաև Սերգեյի մենեջերն է:

Ի՞նչն է օգնում Ձեզ մեծ նվագախմբի հետ բեմում աշխատելիս, ո՞րն է կարևորը:

-Անշուշտ, դիրիժորի հետ հարաբերությունները, որովհետև նրան ճանաչում են երաժիշտները, և նա պետք է կարողանա միավորել բոլորին մենակատարի հետ: Եթե նա հասկանում է մենակատարի վերաբերմունքը տվյալ ստեղծագործության հանդեպ և օգնում է նրան նվագախմբի միջոցով, ապա ամեն ինչ լավ է ստացվում:

Բարդ չէ՞ երիտասարդ նվագախմբի հետ նվագելը:

-Կարծում եմ` երիտասարդ երաժիշտներն ավելի բաց են: Ավելի հին, հեղինակավոր նվագախմբերում նվագողները կաղապարված են, նրանք սեփական մոտեցումն ունեն ցանկացած ստեղծագործության կատարման հարցում: Երիտասարդների հետ մենակատարի համար ավելի հեշտ է աշխատելը:

Ձեր նվագացանկը հիմնականում գերմանացի դասականների ստեղծագործություններից է կազմված, արդյոք կատարու՞մ եք ժամանակակից երաժշտություն, եթե` այո, տարբերվու՞մ է մոտեցումը:

-Չափազանց կարևոր է ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը կատարելը: Դա ինձ շատ է հետաքրքրում, ասեմ ավելին` շատ հարազատ է, հուզական խորություն ունի: Շարունակաբար լսում եմ և աշխատում կատարել ժամանակակից ստեղծագործություններ: Մոտակա մենահամերգիս, օրինակ, մեկ բաժնում պիտի կատարեմ Շոպեն, ժամանակակից մի պիես և Բրամս`առանց ընդմիջման: Ցանկանում եմ ցույց տալ, թե որքան փախկապակցված և համընդհանուր է երաժշտությունը, անցյալի և ներկայի կոմպոզիտորների մտածելակերպը կարող է շատ նման լինել: