Ներկայացվել է ՀՀ միգրացիայի կարգավորման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկություններ է ներկայացրել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը դիտարկելու նպատակով ստեղծվել է մոնիտորինգի միջգերատեսչական հանձնաժողով, որին ծրագրի պատասխանատու կատարող մարմինները պետք է վեցամսյա պարբերականությամբ ներկայացնեն իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվություն: Գ. Եգանյանը տեղեկացրել է, որ հաշվետվության ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակվել են հաշվետվության ձևեր և դրանց լրացման ուղեցույցի նախագիծ, որոնք այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվելուց ու հավանության արժանանալուց հետո կուղարկվեն համապատասխան մարմիններին:

Ըստ Գ. Եգանյանի` միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովման համար ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար կատարվում է ծրագրի իրականացման կարիքների գնահատում: Աշխատանքները կավարտվեն հուլիսին, որի արդյունքում ակնկալվում է ներկայացնել առաջարկություններ  ծրագրի իրականացման գործում համապատասխան պետական մարմինների կարողությունների զարգացման վերաբերյալ:

Նիստը վարող ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նկատել է, որ հաշվետվությունների ներկայացումը հնարավորություն կտա ծրագրի կատարման համար պատասխանատու պետական մարմիններին առավել համակարգված և արդյունավետ կազմակերպել աշխատանքները:

Նշենք, որ ծրագրի մոնիտորինգի տարեկան հաշվետվությունը Միգրացիոն պետական ծառայությունը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:

Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաև տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հատված հարաբերությունների հստակեցման ու գործող ընթացակարգերի բարելավման նպատակով կատարված ուսումնասիրությունների նախնական արդյունքները: Աշխատանքի նպատակը ՏԻՄ- գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմների, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածության ուսումնասիրումն է, անհրաժեշտության դեպքում` դրանք պարզեցնելու եղանակներ առաջարկելը:

Վ. Տերտերյանը կոլեգիայի անդամներին ևս կոչ է արել մասնակցել աշխատանքներին իրենց առաջարկություններով և դիտարկումներով: Առաջարկ է եղել ուսումնասիրությունների նախնական արդյունքները քննարկել նաև Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում: