Հասարակությունը կինտեգրվի դասական երաժշտությանը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և Հայաստանի պետական երիտասարդական նավագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մասին հուշագիր են կնքել, որով կողմերը պարտավորվում են տարբեր ծրագրերի միջոցով հասարակությանն ինտեգրել դասական երաժշտությանը։

Հատուկ այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսում բանախոսները հայտնեցին, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական երիտասարդական նավագախմբի համատեղ գործունեությունը կնպաստի երիտասարդության հոգևոր և մշակութային դաստիարակությանը, երիտասարդության շրջանում երաժշտարվեստի զարգացմանը և տարածմանը, ինչպես նաև երիտասարդության մշակութային ակտիվության խրախուսմանը: Այս բարձր նպատակներին հասնելու բուն գործունեության մասին, սակայն, չափազանց քիչ խոսվեց: Միակ բանը, որ լրագրողներին հաջողվեց պարզել, այն էր, որ մի շարք միջոցառումների արդյունքում բուհերի ուսանողներին, հասարակական կազմակերպություններում և տարբեր քաղաքական ուժերի երիտասարդական թևերում ներգրավված երիտասարդներին պարբերաբար անվճար տոմսեր կտրամադրվեն Երիտասարդական նվագախմբի համերգներին մասնակցելու համար: Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը շեշտեց, որ «նվագախումբը երբևիցե դահլիճ լցնելու կարիք չի ունենում»:

Դեռևս մշուշոտ ուրվագծեր ունեցող համագործակցությունը կշարունակվի մինչև հաջորդ տարեվերջ, ինչից հետո, Տեր- Հովակիմյանի համոզմամբ, կվերակնքվի նոր պայմանագիր:

Մեկնաբանել