Եվրոպայում գարունը մայիսի 6-ից կսկսվի

Հնարավոր է՝ այս կիրակին «եվրոպական գարնան» առաջին օրն ազդարարի։ Թեև Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ֆրանսուա Օլանդի հաղթանակը Եվրամիության խնայողության քաղաքականությանն ուղղված առաջին մարտահրավերը կլինի, Հունաստանի խորհրդարանական ընտրությունները, ձախերի հաղթանակի դեպքում, ավելի մեծ նշանակություն կունենան, գրում է բրիտանական The Gurdian-ը։

Հունական «ողբերգության» առաջին արարն ավարտվել է դեռ անցած տարվա նոյեմբերին՝ Գեորգիոս Պապանդրեուի կառավարության հրաժարականով, որը դարձավ խիստ խնայողության միջոցառումների համաժողովրդական դիմակայման «զոհը»։ Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով կավարտվի «ողբերգության» երկրորդ արարը. ներկայիս իշխանությունների հեռանալու դեպքում դաշտում նոր խաղացողներ կհայտնվեն։

Հունաստանի ներկայիս կառավարությունը՝ Լուկաս Պապադիմոսի գլխավորությամբ, ձևավորվել է ՊԱՍՕԿ (Համահունական սոցիալիստական շարժում) և «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունների կոալիցիայի արդյունքում։ Քաղաքական այս ուժերը Հունաստանում իշխում են արդեն 40 տարի։ Հետաքրքրական է, որ խորհրդարանական այս ընտրություններում նրանք հանդես են գալիս իրենց իսկ նախաձեռնած և մինչև այժմ գործող խիստ խնայողության քաղաքականության դեմ, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը ևս դեմ է դրան։

Այդուհանդերձ, հասարակական կարծիքի հարցումները երկու կուսակցությունների դեպքում էլ հուսադրող չեն. «Նոր ժողովրդավարության»-ն աջակցում է բնակչության 20%-ը, ՊԱՍՕԿ-ին՝ 15%-ը՝ 2009թ. 44%-ի համեմատ։ Գալիք ընտրություններում կուսակցություններից և ոչ մեկը, ամենայն հավանականությամբ, կառավարություն ձևավորելու համար բավարար ձայներ չի ստանա։
Երկու կուսակցությունների՝ ԵՄ-ի կողմից պարտադրվող խիստ խնայողության քաղաքականությունը շարունակելու միակ հնարավորությունը կոալիցիոն կառավարության ձևավորումն է, ինչը հնարավոր կլինի, եթե խորհրդարանում նրանք միասին 151 մանդատ ստանան։
Սակայն Հունաստանի քաղաքական դաշտի ամենամտահոգիչ կողմը ներկայիս իշխող քաղաքական գործիչների դեպի աջ թեքվելու միտումն է, ինչպես նաև նրանց միջև մղվող պայքարը՝ ազգայնական խաղաքարտի խաղարկման իրավունքի համար։

Հունաստանի իշխանական ամբողջ համակարգը նյարդային պոռթկման եզրին է, որի պայմաններում առավել ակնհայտ է աջ ուժերի կողմից սպառնացող վտանգը։ Սակայն հունական էլիտայի պարտությունը կարող է դառնալ «ողբերգության» երրորդ արարի սկիզբը, ինչը, իր հերթին, կհագեցնի վերջնական հանգուցալուծման։

Մի շարք կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում առաջին տեղը կզբաղեցնի ՊԱՍՕԿ-ը, «Նոր ժողովրդավարություն»-ը երկրորդը կլինի, երրորդ հորիզոնականում կհայտնվի ձախ «Սիրիզա» միավորումը։ Այս դեպքում հետաքրքիր պատկեր է ստեղծվում։ Հունաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունները միասին 150 մանդատ չեն ստանում, կառավարության ձևավորմանը մասնակցում է նաև երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը։

«Սիրիզա»-ն՝ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, խոստացել է դադարեցնել խիստ խնայողության միջոցառումների իրականացումը և դրանց շուրջ բանակցությունները։ Նա միաժամանակ առաջարկել է կառավարություն ձևավորել ձախ ուժերի և ժողովրդական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սա բավական հավանական սցենար է, և խիստ խնայողությունների քաղաքականության մերժումը էապես կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Ավելին՝ ընտրություններին մասնակցող երեք ձախ ուժերը՝ «Սիրիզա»-ն, Կոմունիստական կուսակցությունը և Դեմոկրատական ձախ կուսակցությունը, միասին կարող են ստանալ ձայների 40%-ը։ Հետևապես՝ մեծ է հավանականությունը, որ Եվրոպայում առաջին անգամ կազմավորվի ծայրահեղ ձախերի կառավարություն։

Ավելին՝ խորհրդարանական այս ընտրությունները կարող են դառնալ ոչ միայն Հունաստանի քաղաքական ներկայիս էլիտայի տապալման, այլև քաղաքական քարտեզի փոփոխման սկիզբը, և ձախերը կարող են զբաղեցնել ՊԱՍՕԿ-ի դիրքերը։

Հունաստանում քաղաքացիական պատերազմից հետո ձախերը մշտապես հարկադրված են եղել բավարարվել խորհրդանշական ընդդիմության դերակատարմամբ։ Այս փուլը ևս, ամենայն հավանականությամբ, մոտենում է իր ավարտին։ Ավելին՝ առջևում նոր ժողովրդավարության տեսլականն է, և ստեղծվում է պատմական հնարավորություն։ Եթե մայիսի 6-ին Ֆրանսիայում հաղթի Օլանդը, իսկ Հունաստանում ձախերը հասնեն հաջողության, Փարիզում և Աթենքում կսկսի փչել «գարնան» քամին։ Ուստի մայիսի 6-ին ֆրանսիացիները և հույները կանխորոշում են ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։

Մեկնաբանել