Գլխավոր դատախազն ընտրակաշառք է դարձրել ազատությունը. Լևոն Զուրաբյան

Նա նշեց, որ ընտրախախտումները կատարվում են վարչական ողջ ներուժով. «Գլխավոր դատախազը, որ պիտի օրինականության տիպար լիներ, ընտրակաշառք է դարձրել ազատությունը. նա ազատում է բանտարկյալների` Հանրապետականի հաղթանակի համար աշխատելու համար: Նա առաջարկում է առնել իրենց ազատությունը»:

«Այսօր Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, ուր տեր ու տնօրենը օլիգարխն է, և մարդիկ նրա մոտ աշխատում են բատրակի կամ ստրուկի կարգավիճակով: Եվ մենք պայքարում ենք այս իրավիճակի դեմ»,- ասաց նա:

Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ-ի հակամենաշնորհային տնտեսությունը. «Մենք արգելելու ենք որևէ մեկին շուկայում 33%-ից ավելին ունենալ. այս օրենքը մենք չենք հնարել, հնարել են ամերիկացիները: Մենք չենք ասում Սամվել Ալեքսանյանին կուլակաթափ ենք անելու, մենք ուղղակի մտցնելու ենք այդ օրենքը, ու թող Ալեքսանյանը մրցակցի, ինչքան որ կարող է»:

Հարցազրույցի հիմնական մասը նվիրվեց ԼՂՀ խնդրի կարգավորման ծրագրին: «1994թ Բուդապեշտի գագաթնաժողովում մենք հասել ենք մեծագույն հաջողության, Ղարաբաղը ճանաչվել է` որպես բանակցային կողմ. դա մեծագույն նվաճում էր դիվանագիտության մեջ»,- ասաց Զուրաբյանը: Ըստ նրա` ծագումով ղարաբաղցի երկրորդ և երրորդ նախագահները միջազգային ատյաններում խոսել են նաև Ղարաբաղի անունից, ինչը սխալ էր, քանի որ «պետք է այնպիսի նախագահ, որը բանակցային սեղանի շուրջ կբերեր ԼՂՀ-ին»:

Ադրբեջանը, ըստ Զուրաբյանի, կարող է սպասել, որ Հայաստանը շարունակի փտել, դատարկվել, և ի վերջո, հարձակվի ու գրավի Ղարաբաղը, իսկ Ադրբեջանին զիջումներ կարող ենք պարտադրել, եթե Հայաստանն ու Ղարաբաղը տնտեսապես զարգանան, ավելացնեն սպառազինությունը: Ներկայիս Հայաստանին Ադրբեջանը, ըստ Զուրաբյանի, ոչ մի զիջում չի անի:

Խոսելով ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին` Զուրաբյանը դա դիտարկեց իրենց քաղաքականության համակարգի մեջ: Ըստ նրա` իշխանությունների հետ բանակցությունների գնալը մի նպատակ ուներ. հեղափոխությունը լիներ անցնցում, սահուն անցում դեպի ժողովրդավարություն: «Բայց պարզվեց, որ ռեժիմը բոլորին ուզում էր ֆռռացնել: Դրա համար մենք հայտարարեցինք ամենակարևոր կարգախոսը. «Հայաստանը` առանց Սերժ Սարգսյանի»: Եթե մեզ հաջողվի քանդել այս քաղաքական մենաշնորհը, մենք կկարողանանք քանդել նաև տնտեսական մենաշնորհը, և մենք միավորելու ենք բոլոր ուժերը դրա համար»,- ասաց նա:

Այս պահին այդ նպատակին է ծառայելու միասնական շտաբը. «Հանրապետական ընտրագողի ձեռքը բռնելու համար մենք ստեղծել ենք միասնական շտաբ»,- նշեց նա:

Ամփոփելով` Զուրաբյանն ասաց. «Առանցքային խնդիրը Հայաստանի գոյության խնդիրն է»: