Մադրիդի Ռեալը 32-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն

Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրից հետաձգված «Ատլետիկ» –«Ռեալ» խաղում «արքայական» ակումբը 3:0 հաշվով հաղթեց բասկերին և նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպման 12-րդ րոպեին Սերխիո Ռամոսի հարվածից հետո Մարտինեսը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրպարակում, սակայն Ռոնալդուի հարվածից հետո Իրաիսոսը փրկեց իր թիմին: Այդուհանդերձ, 4 րոպե անց «Ռեալի» շքեղ կոմբինացիան գերազանց հարվածով ավարտեց Գոնսալո Իգուաինը` 1:0: Եվս 4 րոպե անց Մոուրինյոյի սաները կրկնապատկեցին հաշիվը. Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընկավ Օզիլը:

50-րդ րոպեին իր խոսքն ասաց նաև «Ռեալի» լավագույն ռմբարկու Ռոնալդուն: Պորտուգալացին 44-րդ գոլը խփեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և 2 գոլով է հետ մնում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիից:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Ռեալը» վաստակած 94 միավորով անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար ու 32-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Ժոզե Մոուրինյոն իր հերթին դարձավ միակ մարզիչն ում գլխավորած թիմերը 4 տարբեր երկրների չեմպիոն են դարձել «Պորտու» (Պորտուգալիա), «Չելսի» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա) և «Ռեալ» (Իսպանիա):

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել