Զարգացման հեռանկարի «սպառնալիքը»

Հակաօրինական գործընթացը չկասեցնելու իշխանությունների քայլը շատերի կողմից մեկնաբանվեց որպես Բաղրամյան 26-ի կողմից քաղաքապետ Տարոն Մարգարյանին վարկաբեկելու քաղաքականություն: Երիտասարդ քաղաքապետն ուներ «կանաչ թաղապետի» համբավ, ինչպես նաև որոշակի շրջանակներում մեծ հեղինակություն վայելող հոր որդի էր: Էական գործոն էր նաև նրա՝ «Երևանի տղա» լինելու հանգամանքը, ինչը կարևոր է բնակչության որոշակի զանգվածի համար:

Նայելով այս դեպքերին ութսուն օր հետո, փորձելով ամփոփել տեղի ունեցածը՝ կարելի է փաստել, որ Մաշտոցի պուրակի իրադարձություններում ամենաշատը վարկաբեկվել է հենց քաղաքապետարանը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այստեղ չպետք է հաշվել ոստիկանությանը, քանզի իրավապահ մարմինների հեղինակությունը վաղուց է բավական ցածր, ՀՀ իշխանություններն էլ չեն խորշում ամեն անգամ այս կառույցի հեղինակության հաշվին նոր արկածախնդրությունների դիմելու գայթակղությունից: Վստահաբար այս իրադարձությունը համակարգով մտահոգ ոստիկանների մոտ լուրջ հարցեր է առաջացնելու, ինչի պատասխաններն իշխանությունների սրտով չեն լինելու:

Համոզված եմ, որ իշխանությունները պատրաստ էին պայքարել «բուտիկների» համար մինչև վերջ: Պարզապես մայիսի 6-ին ոստիկանական ուժերը չէին բավարարելու, և բնապահպանները ապամոնտաժելու էին կրպակները: Հենց այս ծանր հեռանկարից էլ ահաբեկված՝ իշխանությունները փորձեցին իրականացնել «տգեղ կրպակների» ապամոնտաժումը:

Մաշտոցյան ութսունօրյա պատմությունը ծիծաղելի դրության մեջ դրեց Բաղրամյան 26-ի հրահանգներով ապրող հեռուստաալիքներին, հատկապես հանրայինին: Այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չանդրադառնալով խնդրին՝ նրանք մայիսի 1-ին առաջինը ցուցադրեցին Սերժ Սարգսյանի՝ պուրակ այցելության ռեպորտաժը: Սա ցույց է տալիս այս լրատվամիջոցների հեղինակազրկվածության աստիճանը և կրկին ապացուցում նրանց՝ ռեժիմի գործիքը լինելու փաստը:

Անցանկալի դրության մեջ հայտնվեց ՀՀ նախագահը, որը ճաշակի ու գեղեցկության մասին խորհուրդներ տվեց քաղաքապետին և ոգևորեց պուրակում հերթապահող ոստիկաններին:

Թռչկանից հետո բնապահպանների այս կարևոր հաղթանակը հույս է տալիս, որ Հայաստանում ձևավորված համակարգը ճաք է տալիս: Միևնույն ժամանակ, պայքարի այս ձևը հիշեցնում է Արևելյան Եվրոպայի ժողովրդավարական շարժումները, որոնք բերեցին իրավական ու սոցիալական պետությունների ստեղծմանը սոցճամբարի նախկին երկրներում: Առաջիկայում գլխավոր խնդիրը պետք է դառնա այս շարժման հզորացումը: Բնակչության մեջ իրավագիտակցության բարձրացումը, քաղաքացիական դիրքորոշման ավելի ու ավելի ընդգծվելը հույս է տալիս, որ գործընթացն անշրջելի է, և Հայաստանին նույնպես «սպառնում է» զարգացման հեռանկարը: