Ինչու չհավատալ հե՛նց ՀՀԿ-ին

2008թ. հոկտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից հայ ժողովրդին խոստացավ (մեջբերումը բառացի է). «ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք լայնածավալ ծրագրեր են ֆինանսավորելու»:

Նախագահ Սարգսյանի խոստացած ծրագրերից ոչ մեկը չի իրականացվել, ոչ մեկը չի սկսվել, մոտակա տարիներին չի էլ սկսվելու: Ահա այս և բազում այլ չկատարված խոստումների պայմաններում նախագահ Սարգսյանը, որն իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է և միայնակ է իրականացնում ՀՀԿ նախընտրական քարոզչությունը, ժողովրդի հետ իր հանդիպումներում անդադար կրկնում է, որ չպետք է հավատալ մյուս կուսակցությունների նախընտրական խոստումներին:

Այսօր, եթե Հայաստանում կա մեկ կուսակցություն, որին հայ ժողովուրդն իրավունք ունի չհավատալու, հե՛նց ՀՀԿ-ն է: Այսօր հայ ժողովուրդը իրավունք ունի առաջին հերթին չհավատալու հե՛նց նախագահ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանի գործող կառավարությանը և խորհրդարանում ՀՀԿ խմբակցությանը, քանի որ

ա) չորս տարիների ընթացքում արտաքին պարտքը գրեթե եռապատկվել է,
բ) չորս տարիների ընթացքում աղքատների թիվն ավելացել է 500 հազարով,
գ) չորս տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 120 հազար հոգի:

Մտահոգիչ այս ցանկը կարելի է շարունակել և փաստերով ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները տնտեսության հարցում երկիրը հետ են շպրտել հինգ-վեց տարով: Յուրաքանչյուր մարդ կարող է կարդալ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի և 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների գրքույկները և համոզվել, որ իշխող կուսակցությունն ասել է մեկ բան, արել է բոլորովին այլ բան:

ՀՀԿ-ն գրեթե բացահայտ հայտարարում է, որ հաղթելու է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Արդեն ներկայացվում են հանրային հարցումների տվյալներ, ըստ որոնց՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է քվեների ավելի քան 30 տոկոսը: Եթե հաշվի առնենք, որ մեծամասնականով ևս ՀՀԿ-ն «հաղթելու» է 41 ընտրատարածքների մեծ մասում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին առաջիկա հինգ տարիներին:

Անկախ այն բանից, թե որքան մարդ կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, նա համամասնականով ունենալու է քվեների ավելի քան 30 տոկոսը, քանի որ

ա) Հայաստանի ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ հենց իշխող կուսակցությունն է հնարավորություն ունենում ընտրություններում օգտագործել ուժային կառույցների՝ ոստիկանության, բանակի և անվտանգության ուժերի քվեները:

բ) Հենց իշխող կուսակցությունն է հնարավորություն ունենում իր օգտին կեղծել այն ընտրողների քվեները, որոնք ընտանիքին կերակրելու նպատակով բռնել են պանդխտության ճամփան կամ արդեն տարիներ բնակվում են Ռուսաստանում և այլ երկրներում, սակայն շարունակում են գրանցված մնալ Հայաստանում:

գ) Հենց իշխող կուսակցությունն է հնարավորություն ունենում անճիշտ ցուցակներն օգտագործել ի շահ իրեն:
Ինչպես համապետական նախորդ ընտրությունների դեպքում, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ամենավիճելի հարցերից մեկը ընտրացուցակներն են: Շատերի համար անտրամաբանական է, երբ շարունակվող արտագաղթի պայմաններում ընտրացուցակներում ավելանում է ընտրողների թիվը:

Մայիսի 6-ի ընտրություններից առաջ իշխանություններն օգտագործում են մեկ այլ «զենք»՝ հանրային հարցումները: Այդ հարցումներին, որոնք անցկացվում են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունների ու կազմակերպությունների պատվերով, հասարակության մի ստվար հատվածը և ընդդիմադիր քաղաքական ուժերը պարզապես չեն վստահում: Ընդհանրապես, Հայաստանում սոցիոլոգիան օգտագործվում է ոչ այնքան հասարակության տրամադրությունները շոշափելու և կուսակցությունների վարկանիշը պարզելու, որքան քարոզչական և ուղղորդելու նպատակներով: