Իմ այդքան ցանկալի ձայնը՝ բոլորիդ

Հանրապետականի՝ ցնցող կարգախոսներով համեմված ծրագիրն ինձ խոստանում է բարձր աշխատավարձեր, արտահանման աճ ու ընդհանրապես՝ այն ամենը, ինչ հնարավոր է գտնել առանց այդ էլ, ըստ Հանրապետականի, հզորացող մեր երկրում: Ինձ համար այս հրաշք ծրագիրը կարող է կասկածելի թվա՝ հաշվի առնելով անցած ոչ այնքան հաջող տարիները: Բայց, չէ՛, ինձ արդեն զգուշացրել են՝ մի՛ զարմացիր, ժողովուրդ ջան, ամեն ինչ նորովի է լինելու՝ «նոր հնարավորություններ», «նոր բնագավառներ», «նոր աշխատատեղեր», «նոր ձեռնարկություններ», «նոր ապրանքներ»: «Նոր» բառը կուսակցության ծրագրի բավական կարճ սոցիալ-տնտեսական ռազմավարության մեջ կրկնվում է ավելի քան 30 անգամ: Ինձ խոստումներ տալու մոտեցումը, ցավոք, այնքան էլ նոր չէ՝ չկա որևէ մեխանիզմ, թե ինչպես են ինձ համար երկնքից աստղեր բերելու:

«Բարգավաճ Հայաստան»-ի ծրագիրը հատկապես իմ գործարար հատվածի ճաշակով է, հաշվի է առնված ազգային ստվերային տնտեսության յուրահատկությունը, մաքսային ու հարկային օրենսդրության բարդությունը, ինչպես նաև տնտեսական սուբյեկտների նկատմամբ գործող քաղաքականության անհեթեթ անկանխատեսելիությունը: Իմ գործարար ճաշակը բավարարում է «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագիրը, համաձայն որի՝ տնտեսության զարգացման անկյունաքարը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է ու նաև պետության քիչ միջամտությունը իմ գործունեությանը: Դե, հարկեր, իհարկե, պետք է վճարեմ, բայց չէր խանգարի, եթե վերանայվեին հարկային տոկոսադրույքները, և ընդհանրապես, չէր խանգարի սահմանել մենաշնորհ և գերիշխող դիրք կարգավիճակների չափանիշները, – համոզում է ծրագիրը: Իսկ նա, ով ստվերից դուրս կգա, կազատվի պատասխանատվությունից:

Իմ՝ առավել հումանիստական ու սոցիալիստական ճաշակը բավարարում է դաշնակցական ընկերների ծրագիրը: Յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ հաշվի է առնված, թե ինչպես իմ կյանքի որակը լավացնել, ինձ աշխատանք տալ, աշխատավարձս բարձրացնել, բնակարան տալ, ենթակառուցվածքները բարելավել: Իսկ եթե հանկարծ որոշեմ գյուղատնտեսությամբ կամ արտահանմանը խթանող ոլորտով զբաղվել, կսուբսիդավորեն ինձ: Ծրագրում մանրամասնորեն ներկայացված է այս կամ այն կետի իրականացման մեխանիզմը, իսկ բյուջեի վրա այդ մեծ բեռը դաշնակցականները հույս ունեն, որ կարող են ավելացնել ստվերային տնտեսության վերացման շնորհիվ: Իսկ ինչպես պետք է ստվերային տնտեսությունը վերացնել՝ ծրագիրը ինձ նույնիսկ շշուկով բան չի ասում:

Ժառանգներն այս ընտրություններին ինձ ժառանգություն են թողնում «լավագույն աշխարհ» ստեղծելու մասին փոքր-ինչ փիլիսոփայական ու ընդդիմադիր ծրագիր: Բայց եկեք մինչև վերջ կարդանք: Ծրագրի համաձայն՝ կա մի կանոն՝ իմ բոլոր մասնիկները ամենուրեք հավասար են՝ ինչպես ազատ շուկայում, այնպես էլ սոցիալական բարիքները բաժանելիս: Անկարևոր մանրամասների վրա ժամանակ չկորցնելով, ինչպիսիք, օրինակ, բարձր իդեալներին հասնելու մեխանիզմներն են, «Ժառանգություն»-ը շեշտը դնում է առաջնահերթ ոլորտների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների վրա, օրինակ՝ ինովացիոն տեխնոլոգիաների, արդյունաբերության ու գյուղատնտեսության:

Որպեսզի ինձանից շատ ժամանակ չխլի, մարտական տրամադրված Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել է կուսակցության ծրագրի լակոնիկ տարբերակը: Կուսակցությունը պատմում է իմ չքավորության մասին՝ կոռումպացված ռեժիմի կառավարման ժամանակներից սկսած, և խոստանում է ամեն ինչ շտկել: Կոնգրեսը երկու անգամ կբարձրացնի նվազագույն աշխատավարձս, միջին աշխատավարձս, չորս անգամ կավելացնի առևտրային ընկերությունների թիվը, իսկ մոնոպոլիստի շահույթից գանձված հարկը 2%-ից կհասցնի 50-95%-ի: Ընդհանուր առմամբ՝ Կոնգրեսի «ռոբինհուդյան» ծրագիրը նախատեսում է ամեն ինչ կատարելագործել տասն անգամ, բնաջնջել օլիգարխներին, տնտեսական աճը հասցնել 18%-ի և դադարեցնել արտադրանքի սուբսիդավորման վարկավորումը, իսկ դրա փոխարեն ինձ փող տալ, ու ես ինքս կորոշեմ փողն ինչպես ծախսել:

«Օրինաց երկիր»-ն ինձ համար ծրագիր ստեղծելիս հավանաբար որոշել է, որ լավագույն ծրագիրը ծրագրերի ցուցակն է: Թե ինչպես է խնդիրներս լուծելու այդ ծրագիր-ցուցակը, բարդ է ասել: Երևի ՕԵԿ-ը կսկսի դա մշակել ընտրություններից հետո: Ամեն դեպքում, մի բան պարզ է՝ ամենուր ես ապրելու եմ բարեկեցիկ կյանքով, պատկառելի աշխատավարձ եմ ստանալու, դոլարի կուրսն էլ չի լողա, ու մեկին չի լինի հազար ձի ու ջորի, այլ հակառակը՝ հազարին՝ հազար ձի ու ջորի:

Իհարկե, այսքանով այս վեցի՝ ինձ տված խոստումները չեն եզրափակվում, բայց ասեմ՝ լավ են խոստանում, կարդում-կարդում եմ, ու քիչ է մնում՝ հավատամ, որ շատ շուտով ընտիր ապրելու եմ:

Մնաց երեք օր: Պիտի շուտ որոշեմ: Բայց ե՞ս եմ որոշելու: Կապրենք, կտեսնենք…

Մեկնաբանել