Գլոբալ բանկերը տուն են գնում

Համաշխարհային քաղաքականության ուղեգիծը որոշողները պարբերաբար միմյանց շնորհավորում են 2008թ. սկսած ֆինանսական ճգնաժամի ընթացքում 1930թ. քաղաքականության սխալներից խուսափելու համար: Մեծ դեպրեսիայի հարցերով տնտեսագետ-պատմաբան, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բեռնանկեի գխավորությամբ նրանք հիշեցին Ջոն Մեյնարդ Քեյնսի գաղափարները և թուլացրեցին դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, որպեսզի խուսափեն վատագույնից: Մինչ օրս, հատկապես Եվրոպայում, մենք առերեսվում ենք հարկաբյուջետային քաղաքականության հետևանքներին, սակայն անհերքելի է, որ 2008թ. աշխարհի վերջը չեկավ:

Դրամավարկային քաղաքականության խստացումը 1930թ. տնտեսական քաղաքականության միակ մեծ սխալը չէր: Սխալ էր նաև նահանջը դեպի պրոտեկցիոնիզմ, որի խորհրդանիշն էին դարձել տասնամյակի սկզբին Սմութ-Հոլի օրենքով (հեղինակել են սենատոր Ռիդ Սմութը և Ներկայացուցիչների պալատի անդամ Ուիլիս Հոլին) սահմանված մաքսատուրքերի բարձրացումները: Պատմաբանները շարունակում են վիճել Սմութ-Հոլի օրենքի կարևորության շուրջ, սակայն անկախ ամեն ինչից՝ այդ օրենքին հաջորդած մաքսային պատերազմը վնաս հասցրեց առևտրին ու տնտեսական աճին՝ բարդ իրավիճակն ավելի բարդացնելով:

Այսօրվա քաղաքական գործիչները սիրում են ասել, որ իրենք խուսափել են նաև պրոտեկցիոնիզմին դիմելու սխալից: Բայց արդյո՞ք դա այդպես է: Անշուշտ, ես չեմ ակնկալում, որ մոտ ապագայում մաքսային պատերազմ կբռնկվի, սակայն վտանգավոր նշաններ կան, որ ապագայում խնդիրներ կառաջանան առևտրի ոլորտում:

Համաշխարհային ազատ առևտրի ուղղությամբ բանակցությունների Դոհայի փուլն անուշադրության է մատնվել, իսկ Ժնևյան լճի կողքին տեղում դոփում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որի ապագան անորոշ է: Թերևս անհավանական էր, որ ներկա պայմաններում Դոհայի բանակցությունների արդյունքում մեծ ձեռքբերումներ արձանագրվեին, սակայն համաշխարհային առևտրի շուրջ շարունակական որևէ երկխոսության բացակայությունը (որն առնվազն ապահովիչ է) նոր մակարդակի ռիսկ է ավելացնում եղած խնդիրներին: Թեև մարդիկ խոսում են, քիչ հավանական է, որ նրանք խոսքից արագ գործի անցնեն:

Ֆինանսական ասպարեզում բազմաթիվ նշաններ կան, որ վերակենդանանում են փոխարժեքային քաղաքականության և տնտեսության պետական կարգավորման ազգայնական մոտեցումները։ Սա մարտահրավեր էր «Վաշինգտոնյան կոնսենսուսի» համար (տնտեսական քաղաքականությունում տասը բարեփոխումների փաթեթ. եզրույթը շրջանառության մեջ է դրել Ջոն Ուիլիամսոնը 1989թ.), որը ենթադրում էր, որ աշխարհն աստիճանաբար գնում է կապիտալի ազատ տեղաշարժի և շուկայի կողմից սահմանվող փոխարժեքների ճանապարհով։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Հարվային Կորեան և Թուրքիան, այժմ արդեն կապիտալի վերահսկման տարատեսակ միջոցներ են պարտադրում։ Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը երկար ժամանակ «Վաշինգտոնյան կոնսենսուսի» մարմնացումն է եղել, ընդունել է, որ «կապիտալի վերահսկումը որոշ հանգամանքներում կապիտալի հոսքը կառավարելու գործիքների փաթեթի օրինական բաղադրիչն է»։ Ամերիկացի կոնգրեսականները համարում են, որ չինացիները արժույթի իսկական մանիպուլյատորներ են, բայց շվեյցարացիները ֆրանկի արժևորումը թույլ չտալու խիստ միջոցներ են ձեռնարկում։

Ֆինանսական շուկաների ապագլոբալացման այս նախանշաններն իրենց զուգահեռներն ունեն բանկային գործում, երբ որոշ խոշորագույն գլոբալ բանկեր արագ կրճատում են իրենց ծախսերը։ Citibank–ը և HSBC–ն մյուսներից առաջ էին անցել՝ համաշխարհային դիրքերն ամրապնդելու հարցում: Անշուշտ, այսօր հազիվ թե հնարավոր լինի օդանավ նստել՝ առանց «տեղեկանալու», որ HSBC–ն աշխարհի տեղական բանկն է։ Սակայն երկու բանկերն էլ շատ երկրներում փակում են իրենց մասնաճյուղերը։

Նմանապես, եվրոպական շատ բանկեր անսպասելիորեն և մեծ ծավալներով կրճատում են իրենց բիզնեսներն արտերկրում։ Դրա ազդեցությունը հատկապես ակնհայտ է առևտրի ֆինանսավորման ոլորտում, որում եվրոպական բանկերը շուկայի խոշոր խաղորդներ են եղել Ասիայում։ Այժմ նրանք արագ հետ են քաշվում շուկայից՝ ազատելով մտահոգիչ մի նիշա, որը ձգտում են լրացնել ասիական բանկերը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Մինչ նրանք պայքարում են, որ նոր կապիտալ ձեռք բերեն, հավանական է, որ եվրոպական բանկերն ու ապահովագրական ընկերություններն ստիպված լինեն վաճառել արտերկրում իրենց ակտիվները։

Եթե սա պարզապես նոր, կենսունակ, երկարաժամկետ ռազմավարության վրա ավելի խիստ ուշադրություն դարձնելու նշան լիներ՝ ուղղված ավելի խիստ միջոցներ կիրառելուն, դա կարող էր դիտվել որպես դրական զարգացում։ Սակայն նշաններ կան, որոնք ապացուցում են, որ գործընթացն իրականացվում է պետական նոր կանոնակարգումների, իսկ որոշ դեպքերում՝ նաև կանոնակարգվող պրոտեկցիոնիզմի շրջանակում։

Իրենց «հարազատ» երկրներում բանկերը վերահսկվում են կարգավորող մարմինների կողմից, իսկ արտերկրում, որտեղ գործում են, վերահսկվում են տեղի մի շարք կարգավորող մարմինների կողմից։ Հարազատ երկրների կարգավորող մարմինները և վերջին ատյանի վարկատուները (առավել հաճախ՝ կենտրոնական բանկերը) մտահոգված են արտերկրում բանկերի գործողությունների հետևանքով իրենց հնարավոր կորուստներով։ Ինչպես Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգն է խորաթափանցորեն նկատում, «կյանքում բանկերը գլոբալ են, սակայն ազգային են, երբ մահանում են»։ Այլ խոսքով, եթե ինչ-որ բան սխալ ուղղությամբ է ընթանում, հարազատ երկրի իշխանություններն են ստիպված լինում վճարել դրա համար։

Արտերկրում կարգավորող մարմինները օր օրի ավելի են նյարդայնանում, երբ բանկերն իրենց կորպորատիվ մայր ընկերությունների մասնաճյուղերի միջոցով են գործում տվյալ երկրի իրավասության ներքո, սակայն առանց տվյալ երկրի կապիտալի, կամ երբ տվյալ երկրի բանկում տնօրենների խորհրդում տեղացիներ չեն լինում ընդգրկված։ Այդ պատճառով էլ նրանք պնդում են, որ կոնկրետ երկրում գործի տվյալ բանկի առանձին բաժանմունքը (քանի որ այն առանձին իրավաբանական անձ է, թեև պատկանում է մայր ընկերությանը)։ Բանկի տեսանկյունից դա նշանակում է, որ կապիտալը թակարդված է մասնաճյուղերում, և հնարավոր չէ այն օպտիմալ օգտագործել բանկի ողջ ցանցում։ Այդ պատճառով բանկերը կարող են ելքը տեսնել տվյալ երկրից դուրս գալու մեջ։

Այս երևույթի կոնկրետ տարբերակ ներկայում գործում է Եվրոպական Միությունում։ Միասնական ֆինանսական շուկաներում բանկերին թույլատրվում է առանց տեղական իշխանությունների համաձայնության ավանդները տանել ցանկացած վայր, եթե նրանք եվրոպական երկրներից որևէ մեկում նման քայլ կատարելու իրավունք ունեն։ Սակայն երբ իսլանդական բանկերը սնանկացան, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների իշխանություններն ստիպված եղան աջակցել տեղական ավանդատուներին։ Այժմ կարգավորող մարմինները նման միջսահմանային բիզնեսները չեն խրախուսում, ինչը տանում է «ապաեվրոացման» ոչ գեղեցիկ անունը կրող գործընթացի ուղղությամբ։ Մենք կարող ենք միայն հուսալ, որ այս գործընթացը լայն տարածում չի գտնի։

Կարգավորող մարմինները, գիտակցելով, թե ինչ ռիսկերի կարող են գնալ, եթե թույլ տան, որ ֆինանսական ապագլոբալացման գործընթացն արագանա, փորձել են ավելի լավ միջոցներ գտնել՝ կանխելու գլոբալ խոշոր բանկերի սնանկացումը։ Եթե բանկերը կարող են հեշտությամբ դադարեցնել գործունեությունը, երբ ինչ-որ բան սխալ է գնում այն դեպքում, երբ կորուստները հավասարապես են բաշխված, ապա ֆինանսական կարգավորողները հեշտությամբ կարող են նրանց թույլատրել շարունակելու գործունեությունը գլոբալ մակարդակով և արդյունավետ։ Այնպես որ՝ մեծ ջանքեր են գործադրվում միջսահմանային կարգավորող սխեմա ստեղծելու ուղղությամբ։ Սակայն դա դժվար աշխատանք է, և Դանիել Տարուլոն, որն ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի տնօրեններից է, խոստովանում է, որ «մաքուր և համընդգրկուն լուծում տեսանելի չէ»։

Արդյո՞ք այս ամենը լրջորեն սպառնում է գլոբալիզացիայի օգուտներին։ Զգուշավոր պատասխանը կլիներ՝ դեռ չափազանց վաղ է նման եզրակացություն անել։ Թերևս, մենք պարզապես հոգատարության փոփոխության սկիզբն ենք տեսնում, և որ չինական ICBC բանկը, բրազիլական Itau Unibanco-ն կամ ռուսական «Սբերբանկ»-ը որպես գլոբալ խաղորդներ կփոխարինեն HSBC-ին և Citibank-ին։
Սակայն հնարավոր է, որ մենք ականատեսն ենք Քեյնսի դոկտրինի ավելի վատ տարբերակի վերածննդին. «գաղափարները, գիտելիքը, գիտությունը …. պետք է իրենց էությամբ միջազգային լինեն։ Սակայն թող որ ապրանքները տեղական արտադրության լինեն, որտեղ որ դա ողջամտորեն հնարավոր է և հարմարավետ, և այդ ամենից զատ՝ թող որ ֆինանսները լինեն ազգային»։

Մեկնաբանել