Լիբիայում կրոնական կուսակցությունները չեն արգելվի

Ազգային անցումային խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ այս տարվա ապրիլի 24-ին հայտարարված արգելքը սահմանվել էր բացառապես «հասարակության արձագանքը ստուգելու» նպատակով։ Հենց սկզբից այն արժանացել է իսլամիստների, ինչպես նաև երկրի ֆեդերալացման օգտին հանդես եկող շարժումների խիստ քննադատությանը։

Մուամար Կադաֆիի ավելի քան 40 տարիների կառավարման ընթացքում Լիբիայում արգելված է եղել քաղաքական ցանկացած կուսակցություն։ Հեղափոխությունից և Կադաֆիի վարչակարգի տապալումից հետո Լիբիայի նոր իշխանությունները չեղյալ հայտարարեցին այդ արգելքը, և երկրում պաշտոնապես գրանցվեցին մի քանի տասնյակ շարժումներ։

Նոր կուսակցությունները կարող են մասնակցել Ազգային ասամբլեայի ընտրություններին, որոնք նշանակված են այս տարվա հուլիսին։ Նոր մարմինը կկատարի ժամանակավոր խորհրդարանի գործառույթներ և կնախապատրաստի Լիբիայի Սահմանադրության նախագիծը։ Երկրի հիմնական նոր օրենքի ընդունումից հետո տեղի կունենան խորհրդրարանական և նախագահական ընտրություններ։