Հենրիկ Մխիթարյան․ Ուրախանալու առիթ դեռ չունենք

«Մետալիստի» հետ խաղից հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին։ Այս մասին տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

– Հենրիկ, ինչպե՞ս արձագանքեցիք այն տեղեկությանը, որ Լուգանսկում խաղն ավարտվել է 0։0։

– Մի կողմից, հաճելի է իմանալ, որ «Դինամոն» 0։0 է խաղացել։ Սակայն մյուս կողմից էլ սա դեռ վերջին տուրը չէ և դեռ պետք է խաղանք «Ալեքսանդրիայի» հետ։ Բացի այդ, մենք նաև պետք է կենտրոնանանք Դոնեցկի «Մետալուրգի» հետ գավաթի եզրափակչի վրա։ Այնպես որ ուրախանալու առիթ դեռ չկա։ Աստված տա, որ ուրախանանք վերջին տուրից հետո։

– Խաղադաշտում անձամբ ձեր գործողություններից գո՞հ եք։

– Կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն հաղթանակը մնում է հաղթանակ։ Կարևորը երեք միավորն է։ Շատ դժվար խաղ էր։ «Մետալիստը» լավ թիմ է, որը միշտ պայքարում է և մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է։ Նրանք շատ լավ հանդես եկան Եվրոպա լիգայում, և չեմ հասկանում, թե ինչպես նրանք դուրս մնացին։ Երկրպագուների նման աջակցությունը բարդացնում էր մեր գործը, սակայն, փառք Աստծո, մենք հաղթեցինք։

– Առաջին խաղակեսում դու հոյակապ պահ ունեցար՝ վրիպեցիր հարմար դիրքից։ Ծանր տարա՞ք, թե՞․․․

– Այո, երկու պահ ունեցա, սակայն չկարողացա իրացնել դրանք։ Չնայած մտածելու բան էլ չկա։ Սա ֆուտբոլ է, և խաղը տևում է 90 րոպե։ Ո՞վ գիտի, հնարավոր է, որ ունենաս ևս 2-3 պահ։ Այնպես որ պետք է կենտրոնանալ և օգնել թիմին։ Հնարավոր է, որ այսօր դու գնդակ խփես, սակայն պետք է նայել առաջ և օգուտ տալ թիմին։ Պարտադիր չէ, որ գոլ խփես, կարևորը, որ թիմը հաղթի։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել