Գինգրիչը պաշտոնապես սպիտակ դրոշ բարձրացրեց

Գինգրիչն Առլինգտոնում դիմել է իր համախոհներին ու հայտարարել, որ դադարեցնում է իր ընտրաշավը, սակայն դա չի նշանակում, որ ինքը դադարում է լինել ԱՄՆ-ի քաղաքացի։ Վկայակոչելով իր ոչ պաշտոնական աղբյուրները՝ АР-ն նշում է, որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը ընտրարշավից դուրս է գալիս $4 մլն պարտքով։ «Ընտրարշավի դադարեցում» եզրը նշանակում է, որ թեկնածուն դադարեցնում է քարոզարշավը, սակայն շարունակելու է հովանավորներ փնտրել՝ պարտքերը մարելու համար։

Գինգրիչի խոսքով՝ ԱՄՆ-ի՝ այս տարվա նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում կմրցեն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ հանրապետական Միթ Ռոմնին ու գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման։ Վերջինիս նա «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաարմատական ու ձախ նախագահ» է անվանել։ Մինևնույն ժամանակ Ռոմնիին աջակցելու ուղղակի կոչ իր կողմնակիցներին Գինգրիչը չի արել։

Այս տարվա ապրիլի սկզբին նախընտրական արշավը դադարեցրել էր ևս մի հանրապետական՝ Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը։ Հանրապետականների ներկուսակցական նախընտրական արշավը այժմ շարունակում են երկու թեկնածու՝ ակնհայտ ֆավորիտ և դե ֆակտո հանրապետականների միասնական թեկնածու Միթ Ռոմնին ու տեխասցի կոնգրեսական Ռոն Փոլը։

Մեկնաբանել