Եվրոպան չհամաձայնեցրեց Բազել-3-ը

ԵՄ-ն փորձում է բանկային վերահսկողության Բազել-3-ի միջազգային համաձայնագրերին օրենքի կարգավիճակ տալ, հաղորդում է Associated Press-ը։ Հիշեցնենք, որ Բազել-3-ը նախատեսում է մինչև 2019թ. բանկային ազատ պահուստային կապիտալի ծավալի մեծացում մինչև 7%՝ ներկայիս 2%-ի փոխարեն։

Լրացուցիչ միջոցները պետք է կուտակվեն ֆինանսապես բարենպաստ տարիների արդյունքների հաշվին։ Բազել-3-ի կանոնները պետք է կիրառվեն ավելի քան 8300 եվրոպական բանկի նկատմամբ։ Ակնկալվում է, որ ֆինանսական ինստիտուտները պետք է լրացուցիչ միլիարդավոր եվրոներ ներգրավեն՝ բաժնետոմսերի թողարկման և ակտիվների վաճառքի կամ վճարվող շահաբաժինների կրճատման միջոցով։ Դանիայի ֆինանսների նախարար Մարգարետ Վեստագերը, որ ներկա էր բրյուսելյան քննարկումներին, Բազել-3-ը բնութագրել է որպես 2008թ. ֆինանսական ճգնաժամի ամենակարևոր արդյունքը։  

Սակայն բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել, քանի որ մի շարք պետություններ՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, մտադիր են միակողմանիորեն ավելի խիստ պահանջներ սահմանել, քան Բազել-3-ով  սահմանված չափորոշիչներն են։

Ըստ Լոնդոնի՝ ֆինանսական նոր նորմերի սահմանումը ազգային կառավարությունների առաջնահերթությունն է։ Մյուս կողմից՝ բանկային թույլ համակարգով եվրոպական ոչ մեծ պետությունների մի խումբ մտավախություն ունի, որ ԵՄ առաջատար պետություններում չափազանց խիստ պահանջներն «արվարձանային» երկրներում կհանգեցնեն խոշոր բանկերի ակտիվության նվազմանը։   

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ փոխզիջումային որոշումն արգելափակել են Մեծ Բրիտանիայի և Բուլղարիայի ներկայացուցիչները։ Սակայն երկու երկրներն էլ չունեն ձայների անհրաժեշտ քանակ՝ խոչընդոտելու նոր կանոնների սահմանմանն այն դեպքում, եթե այլ պետությունների ֆինանսների նախարարները դրանց կողմ քվեարկեն։

Նշենք, որ ԵՄ ֆինանսների նախարարները խիստ ճնշումների են ենթարկվում։ Ակնկալվում էր, որ բանկերի կապիտալի մեծացման առաջին փուլը պետք է տեղի ունենար 2012թ. հունվարի 1-ին, սակայն այն դեռ չի հաստատվել Եվրախորհրդարանի կողմից։ Միաժամանակ՝ մի շարք նախարարներ պահանջում են նոր միջոցառումների արագ ընդունում, քանի որ Եվրոպան, նրանց կարծիքով, բանկային հատվածի նկատմամբ վստահության վերականգնման կարիք ունի։

Նշենք, որ 2008-2010 թթ. Եվրոպայի կառավարությունները բանկային աջակցության ծրագրերի վրա ծախսել են €4,6 տրլն։