Ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Արեգակի միջազգային օրը: 1994-ին նման տոն հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել Արևային Էներգիայի միջազգային խմբի եվրոպական բաժինը էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորությունների վրա հանրության ուշադրությունը գրավելու նպատակով:
Այս օրը Եվրոպայում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք ուղղված են արևային էներգիայի հնարավորությունների ցուցադրմանը: Էներգիայի այս տեսակը չունի թունավոր և ռադիոակտիվ արտանետումներ: Կարևոր է նաև, որ արևային էներգիայից օգտվելով` մենք չենք խախտում մեր մոլորակի էներգետիկ հավասարակշռությունը: Նշված էներգիայի օգտագործումը վերջին ժամանակներում լայն տարածում է ստացել, ինչը կապված է էներգիայի մյուս տեսակների թանկացման հետ:
Արեգակը Երկրին ամենամոտ աստղն է, որը տիեզերական էներգիայի հզոր աղբյուր է. այն լույս ու ջերմություն է պարգևում, որոնք այդքան անհրաժեշտ են մարդկանց, կենդանիներին ու բույսերին: