Անկանխատեսելի ընտրություններ

Այս կիրակի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները առանց չափազանցության կարելի է ասել, որ ամենաինտրիգային և ամենաանկանխատեսելի ընտրություններն են Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում: Ճիշտ է՝ եղել են դեպքեր, երբ իշխանությունը թույլ է եղել, և ընդդիմությունը իշխանության գալու մեծ հնարավորություն է ունեցել, սակայն այդ դեպքերում իրավիճակը կախված է եղել հետընտրական զարգացումներից, իսկ ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ կեղծիքների չափաբաժինը հաշվի առնելով, գրեթե միշտ նախօրոք հայտնի է եղել: Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ հաստատապես հնարավոր չէ պնդել, որ իշխանությունը աննախադեպ կեղծիքների գնով կարող է վերարտադրվել:

Հատկապես ուռճացված ընտրացուցակների փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իշխանությունը ամեն դեպքում դիմելու է ընտրակեղծիքների: Սակայն նկատի ունենալով գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը, ուժերի դասավորությունն ու տրամադրվածությունը, շատ դժվար է ասել՝ կհամարձակվի՞ արդյոք իշխանությունը դիմել լայնամասշտաբ ընտրակեղծիքների, թե՞ ոչ: Իսկ եթե համարձակվի, ապա ինչքանո՞վ ազատ և արդար ընտրություններով շահագրգռված ուժերը թույլ կտան, որ կեղծիքների մեքենան աշխատի: Եթե, ամեն դեպքում, աշխատի այդ մեքենան և իշխող Հանրապետականը մեծամասնություն ստանա խորհրդարանում, ապա ի՞նչ քայլերի կդիմեն ՀՀԿ-ին հակադրվող ուժերը: Արդյո՞ք այդ դեպքում կլինեն հրապարակային բողոքի լայնածավալ ակցիաներ, թե՞ կգնան Սերժ Սարգսյանի հետ անջատ պայմանավորվածությունների ճանապարհով:

Այսօր՝ քարոզարշավի եզրագծին, այս հարցերը գրեթե պատասխաններ չունեն: Ամեն ինչ կախված է լինելու ընտրությունների ընթացքից և ընտրությունների իրական արդյունքներից: Սերժ Սարգսյանը, գլխավորելով ՀՀԿ-ի համամասնական ցուցակը և միայնակ քարոզարշավ իրականացնելով, խորհրդարանական այս ընտրությունները միաժամանակ վերածեց նախագահի նկատմամբ վստահության հանրաքվեի, ինչը էլ ավելի բարձրացրեց ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը: Հետևաբար՝ ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի համար այս ընտրությունները առանձնակի կարևորություն ունեն: Ընտրությունների արդյունքները կանխորոշելու են 2013թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի մասնակցել-չմասնակցելու հարցը: Եթե ՀՀԿ-ն միայնակ կամ իր առկա և պոտենցիալ արբանյակներով մեծամասնություն չստանա խորհրդարանում, ապա պարզապես զրկվելու է իշխանությունից կամ այն կիսելու է այլ քաղաքական ուժի/ուժերի հետ: Ինչպես հայտնի է՝ փոփոխված Սահմանադրությամբ վարչապետը բավականին լայն լիազորություններով է օժտված, իսկ այդ լիազորությունների գործադրման դեպքում՝ վարչապետը կարող է իրական հակակշիռ լինել նախագահին:

Միակ բանը, որ կարելի է վստահությամբ ասել, մայիսի 6-ի ընտրություններում նախանշվելու է Հայաստանի հաջորդ վեց տարիների ճանապարհը:

Մեկնաբանել