ՄԱԿ-ը ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ուղերձ են հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում  նշվում է, որ այս տարի նշված տոնը կենտրոնացած է «Նոր ձայներ. մամուլի ազատությունը` որպես   հասարակությունների վերափոխման խթանիչ» թեմայի վրա:

«Արաբական աշխարհում տեղի ունեցած փոփոխությունը ցույց է տվել իրավունքներ ձեռք բերելու ձգտման ուժը նոր ու հին լրատվամիջոցների միավորման արդյունքում: Խոսքի ազատությունն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն: Ազդեցիկ նոր ձայն է բարձրանում հատկապես երիտասարդության շրջանում, ովքեր լուռ էին նախկինում: Մամուլի ազատությունը ենթադրում է ազատ արտահայտվելու իրավունք ` անկախ ​​սահմաններից, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում»,-ասվում է ուղերձում:

Դրանում ընգծվում է նաև, որ ավելի շատ լրագրողներ են ենթարկվում բռնության: «Մամուլն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով, ավելի շատ առցանց լրագրողներ, այդ թվում` և բլոգերներ են ենթարկվում բռնության, հարձակման, ինչպես նաև սպանվում են իրենց աշխատանքը կատարելու պատճառով: Նրանց անվտանգությունը ևս պետք է ապահովել, ինչպես ապահովվում է ավանդական լրատվամիջոցների աշխատակիցների  անվտանգությունը»,-նշված է ուղերձում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենը կոչ են անում պետություններին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին ամենուրեք միավորելու ուժերը Միավորված ազգերի  կազմակերպության հետ` խթանելու էլեկտրոնային և առցանց արտահայտման ազատությունը` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համաձայն: