Սարկոզին չհաղթեց, Օլանդն էլ չպարտվեց

Խոսքակռիվը տևել է ավելի քան երեք ժամ ու բավական ագրեսիվ է եղել․ թեկնածուները զերծ չեն մնացել վիրավորանքներից։ Նրանք բանավիճել են և՛ միգրացիոն քաղաքականության, և՛ տնտեսության, և՛ արտաքին քաղաքականության, և՛ միջուկային էներգիյաի շուրջ։

Նախքան դուելը Սարկոզին ասել էր. «Ես կջախջախեմ մրցակցիս»։ Սակայն առաջինը հենց նա է կորցրել ինքնատիրապետումը, երբ խոսք է բացվել ընտրողների համար ամենացավոտ թեմայի՝ ճգնաժամի մասին։ «Ինչ էլ որ լինի՝ Դուք Ձեզնից գոհ եք։ Դա անհավանական է։ Ինչ էլ որ լինի՝ Դուք ուրախ եք։ Ֆրանսիացիներն այնքան էլ ուրախ չեն, բայց Դուք ուրախ եք։ Ես խոսում եմ տնտեսական աճի մասին»,- նկատել է Օլանդը։ Ինչին Սարկոզին պատասխանել է. «Դուք ստում եք»։ «Դուք այդպես խոսելու իրավունք չունեք»,- հարվածը հետ է մղել Օլանդը։

Թեկնածունեից յուաքանչյուրն իր ձևով մեկնաբանել է տնտեսական ցուցանիշները, և ստախոսության մեղադրանքները վերաճել են ուղղակի վիրավորանքների։ Սարկոզին Օլանդին անվանել է «խղճուկ զրպարտիչ»։ Մեղմ բնավորության համար հաճախ քննադատվող սոցիալիստ թեկնածուն նույնպես չի վարանել հանդուգն լինել. «Ինչո՞ւ եք կարծում, որ բոլոր ներգաղթյալները, որոնք Եվրամիությունից չեն, պարտադիր մուսուլման են։ Ի՞նչ եք ուզում ասել։ Որ բոլոր նրանք, ովքեր եվրոպացի չեն, մուսուլմա՞ն են»,- հարցրել է նա։ «Եկե՛ք անկեղծ լինենք։ Ներգաղթյալները, որոնց դուք ցանկանում եք ձայնի իրավունք տալ քաղաքպետերի ընտրություններում, ո՛չ կանադացի են, ո՛չ ամերիկացի։ Ներգաղթյալների մեծ մասը ծագումով Աֆրիկայից է»,- պատասխանել է Սարկոզին։

Բանավեճի ընթացքում Ֆրանսիայի նախագահի թեկնածուները չեն շրջանցել նաև միմյանց թույլ կողմերը։ Օլանդը Սարկոզիին հիշեցրել է բարեկամությունը սկանդալային Բեռլուսկոնիի հետ։ Սարկոզին «տակ չի մնացել» ու հայտարարել է, որ մտադիր չէ խրատներ լսել մի կուսակցությունից, որն այնքան ոգևորությամբ իր առաջնորդ էր տեսնում այնպիսի մարդու, ինչպիսին Դոմինիկ Ստրոս-Կանն է։  

Եզրափակիչ խոսքում Սարկոզին բացահայտ խնդրել է ուլտրաաջ Մարին Լը Պենի ընտրողների աջակցությունը։ Օլանդը, ավարտելով իր ելույթը, ասել է. «Ես՝ Հանրապետության նախագահս…»։

Վերլուծաբանները կարծում են, որ բանավեճում թեկնածուներից ոչ մեկին վճռական հաղթանակ շնորհել չի կարելի։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 6-ին։ Առաջին փուլում հաղթել էր Օլանդը՝ ստանալով ընտրողների ձայների 28%-ը. Սարկոզին ստացել էր ձայների 27%-ը։