Lufthansa-ն 3,5 հազ․ աշխատատեղ կկրճատի

Զանգվածային կրճատումներն առաջին հերթին կտարածվեն ընկերության վարչական հատվածի աշխատակիցների վրա։ Ընկերությունն այս քայլին որոշել է դիմել 2012թ. եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո, որի համաձայն՝ նրա վնասները կազմել են €381 մլն։ Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցել է շուկայի կանխատեսումները, որոնք €273 մլն-ի մակարդակում էին։

Աշխատատեղերի կրճատումը կդառնա €1,5 մլրդ-ի խնայողության ծրագրի մի մասը, որը նախատեսված է առաջիկա երեք տարվա համար։ Այս գործողությունների շնորհիվ ընկերությունը մտադիր է ամբողջ 2012թ. ընթացքում իննանիշ շահույթ ստանալ։

Նշենք, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակն անհաջող էր եվրոպական գրեթե բոլոր ավիաընկերությունների համար։ Մյուս կողմից՝ Lufthansa-ն արձանագրել է հասույթի 5,6-տոկոսանոց աճ՝ մինչև €6,6 մլրդ։ Շահութաբերությունը նվազել է վառելիքի ծախսերի՝ նախորդ տարվա համեմատ 23-տոկոսանոց աճի պատճառով։

Անցած ամիս Lufthansa-ն փակեց իր բրիտանական BMI ստորաբաժանումը IAG միջազգային ավիացիոն խմբին վաճառելու գործարքը, որն արժեցավ 172,5 մլն ֆունտ ստեռլինգ։ Lufthansa-ն այդպիսով կարողացավ ազատվել իր վնասաբեր դուստր ընկերությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Lufthansa-ն հայտարարեց բյուջետային նոր ավիափոխադրողի ստեղծման մասին՝ Direct 4 You։ Նախատեսվում էր, որ ընկերությունն իր աշխատանքները կսկսի 2013թ., իսկ եվրոպական թռիչքների արժեքը ավիափոխադրողի հաճախորդների համար կարժենա €49։

Մեկնաբանել