Հավանություն է տրվել ջերմատների զարգացման ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։ Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հաջորդ որոշմամբ, հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ ներկայացրած նշված ներդրումային ծրագիրը, գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիայով ջերմատների կառուցման նպատակով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69.83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձևով օտարման առաջարկությանը։ Սահմանվել է, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն  և կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը կարող է ներդրողներ ընտրել մինչև 2014 թ. դեկտեմբերի 1-ը։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ։ «Սա որակապես նոր ծրագիր է՝ նոր մոտեցումներով և ֆինանսական մեխանիզմներով, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Պետություն-մասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն և մասնակցեն Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը։ Դա էլ հնարավորություն է տալու, որ այդ ծրագրի դրական փորձը տարածենք մարզերում` ստեղծելով լրացուցիչ հազարավոր աշխատատեղեր»։