Գիտնականների կարծիքով`Հիտլերն անգրագետ էր

Նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրն ու առանցքային դեմքը` Ադոլֆ Հիտլերը, բավականին անգրագետ էր: Այս եզրահանգման են եկել Աբերդինի համալսարանի շոտլանդացի գիտնականները այն բանից հետո, երբ ուսումնասիրել են 1916-ին ֆյուրերի գրած բացիկը:

Մյունխենի հիվանդանոցից վիրավոր Հիտլերի գրած նամակը աչքի է ընկնում ուղղագրական սխալներով: Այսպես` գերմանական «sofort» բառը, որը թարգմանվում է «անհապաղ», նա գրել է մեկի փոխարեն երկու «f»-ով: Հետազոտողների կարծիքով` հենց ուղղագրական խնդիրների պատճառով էր, որ ֆյուրերը իր բոլոր հրամանները և ուղերձները թելադրում էր` ինքնուրույն գրելու փոխարեն:

Իր ընկերոջը` Կարլ Լանցհամմերին հղած բացիկը հայտնաբերվել է ընտանեկան արխիվներից մեկում` այն գրելուց հետո շուրջ մեկ դար անց: Հազվագյուտ այս նմուշի տերը ցանկացել է անհայտ մնալ: Բրիտանական Daily Mail թերթը հրապարակել է նամակի տեքստն առանց խմբագրելու, այն է. «Հարգելի Լանցհամմեր, Ես հիմա Մյունխենում եմ` «Ersats BTL» գումարտակում: Ներկա պահին ես ատամնաբույժի մոտ զննություն եմ անցնում: Անշուշտ, ես անհապաղ ամեն ինչի մասին կպատմեմ մարտի դաշտում: Լավագույն մաղթանքներով` Ադոլֆ Հիտլեր»:

Այս բացիկի տեքստն ուսումնասիրած վերլուծաբանները հակված են ենթադրելու, որ Հիտլերը կապված էր իր բանակային ընկերների հետ և ռազմատենչ ոգով էր տոգորված: «Ակնհայտ է, որ Հիտլերը չափազանց շատ էր ուզում ճակատ վերադառնալ: Ընդ որում` նման ձգտումը բավականին անսովոր է նույնիսկ ռազմի դաշտում իսկապես մարտնչելու պատրաստ զինվորների համար», – ասել է Աբերդինի համալսարանի մասնագետներից Թոմաս Վեբերը:

Մեկնաբանել