Վերանորոգվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը

Հիմնանորոգվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար անդամ, «Լուդինգ» ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Աշխատանքներն իրականացվում են 2011թ-ից: Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 ծեր ու հաշմանդամ: Նույն կարգավիճակ ունեցող շուրջ 150 հոգի հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղեկացմամբ` վերանորոգված երկհարկանի մասնաշենքի 26 սենյակներն օրերս կկահավորվեն, և ծերերն ու հաշմանդամները , ովքեր ներկայումս ժամանակավորապես բնակվում են ինտերնատի առաջին մասնաշենքում, կտեղափոխվեն բարենորոգ հարմարավետ կացարաններ: Շարժունակ ծերերի համար նախատեսված սենյակներն ապահովվել են անհատական սանհանգույցներով: Շենքին կից նախկին դահլիճի ընդարձակ սրահը վերակառուցվել է ճաշարանի: Այս ձևափոխությունը թույլ կտա տարեցներին ննջարանային մասնաշենքից անմիջապես մտնել ճաշարան` շրջանցելով բակը: Իսկ բացօթյա հանգիստը նրանք կանցկացնեն կանաչապատ բակում, որտեղ լայնացվել են ճեմուղիները, տեղադրվել է զրուցարան:

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ տանել նաև հաստատության առաջին մասնաշենքում: Հիմնանորոգումն այստեղ կներառի նաև նախամուտքի ու դահլիճի վերահատակագծում ու համապատասխանեցում հաստատության պահանջներին: «Շենքի վերահատակագծումը նպատակ ունի պայմաններ ստեղծելու հաշմանդամների ազատ տեղաշարժման համար»,- նշում է շինարարության պատասխանատու Հակոբ Գյուլգյուլյանը: Ըստ տուն-ինտերնատի տնօրեն Իրինա Սարգսյանի` այս հանգամանքը շատ կարևոր է ինտերնատի բնակիչների համար, քանի որ խնամքի տակ գտնվող տարեցների 40 տոկոսը հաշմանդամ է:

«Կենցաղային բարեկեցիկ պայմանների ստեղծումն այն նվազագույնն է, որ կարող ենք անել մեր ավագ սերնդի համար»,-ասում է բարերար Արմեն Շախազիզյանը:

Մեկնաբանել