Քարոզարշավին մասնակցություն ունենալու ցանկություն չունեմ. Ռոբերտ Քոչարյան

«Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որևէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել և չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող)»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Այս պահի ամենաարդիական և ամենաքննարկվող հարցը՝ ի՞նչ կապ ունեք «Բարգավաճ Հայաստանի» հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը» հարցին Քոչարյանը պատասխանել է․

«Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի և քաղաքական մրցակցության երաշխավորի դերում:
ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձևաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երևի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը:

Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին և չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:

Իսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է և ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա»:

Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ:

Մեկնաբանել