Ձերբակալվել են անչափահասներ

Մասիս քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեմասերից մեկում գողություն կատարած Այնթափի հինգ անչափահաս բնակիչների: «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ`15-17 տարեկան անչափահասները ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին և 30-ին Նորագավիթ-Մասիս ուղեմասի տարբեր հատվածներում գողացել են կապի մալուխներ: Արդյունքում` երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցում է 500 հազ. դրամը: Գողություն կատարած երիտասարդները ձերբակալվել են ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ոստիկանների ու երկաթուղու աշխատողների համատեղ աշխատանքի շնորհիվ: Պարզվել է, որ անչափահասները գողացած մալուխը շատ ցածր գնով հանձնել են որպես մետաղյա ջարդոն:

Ներկա պահին քննությունը շարունակվում է:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղու և գնացքների անվտանգության համար: Մասնավորապես` գողացած կապի մալուխն ապահովում էր կայարանների հերթապահների սլաքային փոխադրիչների և լուսանշանների հետ կապը:

Մեկնաբանել