Պարենի համաշխարհային գներն ապրիլին նվազել են 1,4%-ով. FAO

Հատկանշական է, որ երեք ամիս շարունակական բարձրացումից հետո  սա համաշխարհային գների ինդեքսի առաջին իջեցումն է, ինչպես նաև զգալի իջեցումը՝ տարեկան կտրվածքով։ Համեմատության համար նշենք, որ 2011թ. ապրիլին ինդեքսը գտնվել է 235-ի մակարդակում։ Փորձագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են պարենամթերքի պահանջարկի աճի և մատակարարման աստիճանական բարելավման մասին։ 

2012թ. պարենամթերքի համաշխարհային ներկրման ծավալը կարող է կազմել $1,24 տրլն՝ անցած տարվա $1,29 տրլն-ի համեմատ, կանխատեսում են FAO-ի փորձագետները։ 

Հացահատիկային կուլտուրաների արտադրության կանխատեսումը 2012թ. կարող է նոր ռեկորդ սահանել՝ կազմելով 2,371 մլրդ տ՝ 2011-ի 2,344 մլրդ տ-ի համեմատ։ Մյուս կողմից՝ ցորենի արտադրությունն ընթացիկ տարում կարող է կրճատվել 3,6%-ով՝ մինչև 675 մլն տ։ Ընդ որում՝ արտադրության ծավալների ամենամեծ անկումը կդիտարկվի Ուկրաինայում, Ղազախստանում, Չինաստանում, Մարոկկոյում և Եվրամիության երկրներում։ Ցորենի արտադրության ծավալների կրճատումը, իր հերթին, կհանգեցնի կերի հացահատիկի արտադրության ծավալների մեծացմանը։ 2012թ. այն ակնկալվում է 1,207 մլրդ տ-ի մակարդակում՝ անցած տարվա 1,164 մլրդ տ-ի համեմատ։ Կազմակերպությունը անցած տարվա աշնանը 2012թ. համար կանխատեսել էր հացահատիկի գների աճ։ Բրնձի արտադրությունը 2012թ. կաճի 1,7%-ով՝ մինչև 488 մլն տ, միաժամանակ՝ բրնձի արտադրությունն այս տարի կրկին՝ արդեն ութերորդ տարին շարունակ կգերազանցի պահանջարկը։ 

2011-2012 թթ. շաքարի արտադրությունը կաճի 8 մլն տ-ով կամ 4,6%-ով՝ կազմելով 173 մլն տ։ Երկրորդ տարին շարունակ շաքարի արտադրությունը գերազանցում է սպառումը. այս անգամ «ավելորդ» կլինի 5,4 մլն տ-ն։

Աշխարհում մսի արտադրությունը տարեկան կտրվածքով կաճի մոտ 2%-ով մինչև 302 մլն տ։ Աճը հիմնականում կապահովեն զարգացող երկրները։

Ընթացիկ տարվա համար FAO-ն կանխատեսում է կաթի արտադրության 2,7-տոկոսանոց աճ՝ մինչև 750 մլն տ, հիմնականում Ասիայի երկրների հաշվին։ Կաթնամթերքի ներկրումը կարող է 52,7 մլն տ կազմել։ Հիմնական շուկան շարունակում է մնալ Ասիան, որին հաջորդում են Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը։

Ձկան և ձկնամթերքի չթուլացող պահանջարկը կհանգեցնի այս հատվածում գների բարձրացմանը։ Ընդհանուր առմամբ՝ ձկան արտադրությունն ընթացիկ տարում կաճի 2,1%-ով՝ մինչև 157,3 մլն տ։