ՀՀԿ-ի հետ կոալիցիան «ծայրաստիճան անհավանական» է. Վահան Հովհաննիսյան

Ծայրաստիճան քիչ հավանական եմ գտնում ՀՀԿ-ի հետ հետընտրական համագործակցություն որևէ ֆորմատով: ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը:

Մայիսի 2-ին Երևանի Ազատության հրապարակում Դաշնակցության հանրահավաքին ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր. «Մեր մրցակիցները ասում են՝ այո, պետք է փոխել, պետք է հավատալ, որ փոխենք, բայց մի կպեք նախագահին ու նրա աթոռին՝ այն պետք է մնա»:

Հարցին, թե արդյոք Ռուստամյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հետընտրական փուլում դուք բացառում եք ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն կոալիցիոն ֆորմատով, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց.

«Շատ քիչ հավանական, ծայրաստիճան քիչ հավանական եմ գտնում նման համագործակցություն որևէ ֆորմատով: Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, ես կարծում եմ, որ այն շատ ավելի խորքային է: Խոսքը միայն նախագահի կամ նրա անհատի մասին չէ: Անհատը տվյալ դեպքում մեզ չի հետաքրքրում: Անհատը կարող է լինել այսօր լավը, ջերմ, զգացական կամ հայրենասեր մարդ կամ ոչ այնքան հաջող: Դա չէ հարցը, հարցն այն է, թե ինչ իրավասություններով է օժտված այդ աթոռը՝անկախ այն բանից, թե ով է այդ աթոռին բազմած:  Ոչ թե բազմած կոնկրետ մարդու հատկանիշներ, այլ աթոռի իրավասությունները: Այս հակասություններն է, որ մենք համարում ենք՝ պետք է անհապաղ և արագորեն վերանայել»:

 Այլ կուսակցությունների հետ հետընտրական հնարավոր համագործակցության քննարկումը Վահան Հովհաննիսյանը ներկայում համարում է ավելորդ:

«Մենք այսօր ընդհանրապես նման կոալիցիաների քննարկումը համարում ենք բոլորովին ավելորդ: Դրա համար ժամանակը չի հասունացել, ընտրությունների արդյունքները միայն կարող են ցույց տալ՝ իմաստ ունի, թե ոչ: Եվ եթե ունի, ապա ում հետ, ինչ ֆորմատով: Էս պահին ես գտնում եմ, որ որևէ համագործակցության մասին մտածել պետք չէ: Դաշնակցությունը ինքնաբավ է, և եթե մեծամասնություն վերցնի, ապա ինչու պիտի համագործակցության կոալիցիոն ֆորմատ որոշի»: