Մաշտոցի պուրակի իրադարձությունների կապակցությամբ իրականացվում է քննություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը,  մայիսի 1-ի հայտարարությամբ հանրությունը տեղեկացվել է ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների և դրանից հետո իրականացված ընթացակարգային միջոցառումների վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թ. ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընթացքում առանձին անձանց կողմից կատարված գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնական քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ: Մասնավորապես` միջադեպի ընթացքում վնասվածքներ ստանալու մասին հայտարարած բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, և միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության անցկացմանն այդ անձանց ներկայությունն ապահովելու  համար: Միաժամանակ, միջադեպի հայտնի բոլոր մասնակիցները գրավոր տեղեկացվել են բացատրություն տալու իրենց իրավունքի մասին, կատարվել են անհրաժեշտ կազմակերպչական գործողություններ նրանց հնարավոր բացատրություններն ամրագրելու համար:

«Դեպքի մնացած մանրամասները պարզելու նպատակով հավաքվում են լրացուցիչ փաստաթղթեր և այլ նյութեր»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում: