Անցկացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական մրցույթ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, մրցույթը հայտարարվել էր ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի կողմից: Այն անցկացվում է առաջին անգամ և կդառնա ամենամյա: Մրցույթի նպատակն է խրախուսել թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանումն ու հանրությանը տեղեկացնել այդ երևույթի, դրա դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ տարվող պայքարի մասին:

«Այս հարցում մենք գործընկեր ենք համարում լրատվամիջոցներին և կարևորում ենք նրանց կողմից հանրության իրազեկման աշխատանքները: Մենք հուսով ենք, որ լրատվամիջոցները կընդունեն համագործակցության այս առաջարկը»,- նշել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` ներկաներին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, մասնավորապես` ԱՄՆ դեսպանատանն ու ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակին մրցանակաբաշխության համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես նաև ժյուրիին` կատարած աշխատանքի համար:

ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը հավաստագրեր է հանձնել հաղթողներին: «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղը նվաճել է Արզուման Հարությունյանը` «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրված սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը շնորհվել է Սիրանուշ Մուրադյանին` «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Այդ անվանակարգում թափուր է մնացել երկրորդ տեղը:

Մասնագիտական ժյուրին մրցանակային տեղեր չի շնորհել «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում: Փոխարենը ժյուրին որոշել էր դիմել խորհրդին` առաջարկելով քննարկել «Հետք» պարբերականին խրախուսական մրցանակ շնորհելու հնարավորությունը` տարիներ շարունակ թեմային հետևողականորեն անդրադառնալու համար: Խորհուրդն ընդունել է ժյուրիի առաջարկը:

Գևորգյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին մրցանակային ոչ մի տեղ թափուր չի մնա և լրագրողներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն թեմային:

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր 2012թ. մարտին` 2011 թ. հրապարակված և հեռարձակված նյութերի համար: Այն անցկացվել է երկու անվանակարգով`«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» և «Հեռուստատեսություն և ռադիո»:

Անկախ մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին լրագրողական հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ և թրաֆիքինգի հարցով երկու փորձագետ, ներկայացված ավելի քան մեկ տասնյակ աշխատանքներից էր ընտրել լավագույնները:

Մրցանակային տեղերի համար սահմանված էր նաև դրամական պարգև` առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար, համապատասխանաբար, 300, 200 ու 100 հազարական դրամ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրյալներ:

Մեկնաբանել