Լոնդոնում քաղաքապետ են ընտրում

Գործող քաղաքապետ պահպանողական Բորիս Ջոնսոնի հիմնական մրցակիցները, ինչպես և 2008թ․, լեյբորիստ Քեն Լիվինգսթոնն ու լիբերալ-դեմոկրատ Բրայան Պադիկն են։

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին հավակնում են նաև Կառլոս Կորտիգլիան ուլտրաաջ Բրիտանական ազգային կուսակցությունից, ինքնաառաջադրված թեկնածու Շևոն Բենիտան, «կանաչների» ներկայացուցիչ Ջենի Ջոնսը և Լոուրենս Ուեբը Մեծ Բրիտանիայի անկախ կուսակցությունից։

Այսօր քաղաքապետ են ընտրում նաև Լիվերպուլում և Սալֆորդում։ Անգլիական տասը քաղաքներում անցկացվում է հանրաքվե քաղաքի ղեկավարի ընտրովիության հարցի շուրջ։

Միաժամանակ ամբողջ Անգլիայում, Շոտլանդիայում և Ուելսում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը ստեղծվել է 2000թ.։ Բրիտանական մայրաքաղաքի առաջին քաղաքապետը եղել է Քեն Լիվինգսթոնը, որն իր ձախ արմատական հայացքների համար ստացել է «Կարմիր Քեն» մականունը։

2004թ. նա վերընտրվեց այս պաշտոնում, սակայն 2008թ. ընտրություններում իր տեղը զիջեց պահպանողական Բորիս Ջոնսոնին, որը համարվում է թորիների առաջատար քաղաքական գործիչներից մեկը։

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում ընտրման ժամկետների սահմանափակում գոյություն չունի։