Հայաստանի և Իրանի միջև չի եղել և չկա որևէ խնդիր. դեսպան

Ողջունելով դեսպանին Ազգային Ժողովում` պարոն Նիկոյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար: Նրա խոսքով` այսօր հայ-իրանական հարաբերությունները զարգանում են դրական և վերընթաց կերպով` ներառելով բոլոր բնագավառները` քաղաքական, առևտրա-տնտեսական, գիտա-մշակութային:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Իրանի իշխանությունների կողմից  հայ համայնքի ու հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը, ինչը այլ մշակույթի նկատմամբ հանդուրժողականության լավագույն օրինակ է:

Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի` երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվում է առաջընթաց, այդուհանդերձ, եղած ծավալները բավարար համարել չի կարելի, քանի որ առկա է զգալի ներուժ և հարկ է ակտիվացնել գործնական քայլերը տնտեսական փոխգործակցությունը քաղաքական շփումների մակարդակին բարձրացնելու ուղղությամբ:

Պարոն Նիկոյանն անդրադառնալով միջխորհրդարանական կապերին նշել է, որ հաստատված են համագործակցության լավ ավանդույթներ: Հատկապես աշխույժ  հարաբերություններ են ձևավորված ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան և ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի միջև: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել աշխուժացնելու շփումներն ու փոխայցելությունները խորհրդարանական տարբեր մակարդակներով:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային ու միջազգային կառույցներում համագործակցության հարցերին: Համոզմունք է հայտնվել, որ հայ-իրանական փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը: Խորհրդարանի նախագահը կարևորել է տարածաշրջանային  խնդիրների առնչությամբ, մասնավորապես  ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը:

«Հայաստանի և Իրանի միջև չի եղել և չկա որևէ խնդիր»,- ասել է դեսպան Սաղայանը` երկու երկրների բարեկամական հարաբերություններում մեծապես կարևորելով իրանահայերի դերակատարությունը: Դեսպանը ևս ընդգծել է երկկողմ տնտեսական փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ և ԻԻՀ ջանքերը, մշակութային շփումերի էլ ավելի աշխուժացման կարևորությունը: Իր երախտագիտությունը հայտնելով խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության համար, Պարոն Սաղայանը  վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: