Ընտրահայացք այսօրվան

«Ամենակարևորը այսօր ոչ թե բարեկեցությունն է, այլ` մարդու նվազագույն խնդիրները լուծելը: Եթե մարդը միայնակ աշխատում է, ուրեմն պիտի հարկերից ազատվի, եթե մարդը միայնակ պահում է իր ընտանիքը, իրեն պետք է օգնել»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ պատգամավորի հեռախոսահամարը պիտի ունենան բոլորը, և նա ցանկացած հարցի համար պիտի հասանելի լինի բոլորի համար:

«Կա մի վիրտուալ տնտեսություն, որ միայն փաստաթղթերում է, և մի ռեալ տնտեսություն, որ ոչ մի փաստաթղթում չկա: ՀՅԴ ծրագիրը ոչ թե փոքրիկ շտկումներ է առաջարկում, այլ առաջարկում է լիովին նոր տնտեսական համակարգ կառուցել»,- ասել է Առա Նռանյանը: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշել է, որ պետք է գնալ ընտրակեղծիքների ահազանգերի հետքերով` «ի վերջո, բոլորը չեն կարող սուտ լինել»:

«Այս ընթացքում մենք բարձրագոչ բաներ չէինք ասում, հավատացեք, դա շատ ավելի հեշտ է, քան գործերից խոսելը»,- ասել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Լուռ չի նշանակում հլու-հնազանդ կամ անլեզու ստրուկ, այլ` կենտրոնացած աշխատանք, աշխատանք` արդյունքի համար և ոչ թե` գովազդի: Մենք լուռ աշխատելու ենք: Ես հասկանում եմ, որ նման խոստումը ամենևին էլ ռոմանտիկ չէ ու ոչ էլ սենսացիոն է, բայց, ի վերջո, աղմուկը մի օր մարում է, մնում է գործը»,- նշել է նա:

Դեմկուս առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր իր ընտրողներին դիմելով` ասել է. «Դուք այն մարդիկ եք, որ իսկապես անկաշառ եք, դուք այն մարդիկ եք, որ այսօրվա հասարակության մեջ հասկանում եք, որ այսպես շարունակել չի կարելի»: Ըստ էության`դեմկուսն այսօր ամփոփել է ընտրարշավը:

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ ավանդների վերադարձը սկսել է ՕԵԿ-ը, և ավանդները պիտի վերադարձվեն նաև մահացածների ժառանգներին: Խոսվել է նաև առողջապահական, պաշտպանության համակարգային փոփոխությունների մասին:

«Մենք գրելու ենք մեր պատմության ապագա դասագիրքը և իշխանությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձնելու ենք քաղաքացուն»,- ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Անահիտ Բախշյանը նշել է, որ բազմաթիվ մարդիկ այս անհատական քարոզարշավի ժամանակ իրեն մոտենում ու իրենց հիացմունքն ու աջակցությունն են հայտնում, ինչի համար «ինքն իրեն Տորք Անգեղից ուժեղ է զգում»:

ՀԱԿ քարոզչության մասին խոսելիս` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Ամենանշանակալի արդյունքը նախագահական ընտրությունների նկատմամբ խորհրդարանական ընտրությունների պակաս կարևորության կարծրատիպի կոտրումն է»:

Հայաստանյան ընտրությունների մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել ռուսական «Վեստի» լրատվական հաղորդումը: Այն եզրահանգում է. «Վերջին 20 տարիներին հայաստանյան որևէ ընտրության արդյունքները չեն ճանաչվել ընդդիմության կողմից. այս անգամ հույս կա, որ այդ ավանդույթը չի պահպանվի»:

Մեկնաբանել