Եթե ընտրությունները կեղծվեն, հրապարակ դուրս կգանք. Ր.Հովհաննիսյան

«Շատ եմ ուզում, որ մայիսի 7-ին ասենք` իշխանություն ենք փոխել, իշխանությունը եկել է ընդդիմության տեղը, գրել ենք Հայաստանի պատմության նոր էջը»,- ասաց Հովհաննիսյանը, սակայն առավել կարևորեց, որ մայիսի 7-ին հաղթանակած լինի Հայաստանը և խոնարհված լինեն բոլոր կուսակցական դրոշները:

Նա նշեց, որ անկախ ընտրությունների ելքից` մայիսի 7-ին «Ժառանգություն»-ը տալու է ընտրությունների գործընթացի ամբողջական քննադատական գնահատականը. «Մենք այսօր տեսնում ենք, ինչպես է կուսակցական բարեգործություն գնում քաղաքական նպատակների համար, ինչը հակաօրինական է, դպրոցների, ուսումնարանների շենքերը օգտագործվում են` որպես շտաբ: Այս ամենը մենք տեսնում ենք»,- նշեց նա:

«Ժառանգության» առանձնահատուկ քարոզչատեխնիկայի մասին հարցին պատասխանելով` Հովհաննիսյանն ասաց. «Մեզ մոտ յուրաքանչյուր հանդիպում նույնքան կարևոր է` բակում, պատշգամբում, փողոցում, որքան մայիսի 1-ի հանրահավաքը: Մարդկանց ձեռքը սեղմելը ոչ թե քաղաքական տեխնոլոգիա է, այլ` քաղաքացիական պարտք է, որ ուզում ենք ամեն օր իրացնել»:

Ըստ նրա` իրենց ծրագրերում ոչ միայն անցյալն է, այլև` քաղաքացու վրա խարսխված ապագան: «Ի վերջո, Հայաստանի քաղաքացին հասկանում է, որ ինքն է առաջ տանելու մեր երկիրը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ իր «գաղտնի հանդիպումների մասին հոդվածներին»: « «Ժառանգությունը» հրապարակային քաղաքականության կողմնակից է, և ոչ մի ստվերային հանդիպում չի անում»,- ասաց` զայրանալով, թե այն մարդն, ով համարում է, որ ինքը կարող է թուրք պաշտոնյաների հետ գաղտնի հանդիպել ավելի վատն է, քան ցեղասպանողն ու ցեղասպանությունը մերժողը:

Դիտարկմանը, թե «Ազատ դեմոկրատներ»-ը, կարծես, վերջին հանդիպումներում չեն երևում, Հովհաննիսյանը հակադարձեց. « «Ազատ դեմոկրատներն» էլ ազատ մարդիկ են, և միշտ էլ մենք միասին ենք. մեր մեջ ոչ մի խնդիր չկա: Եվ դա է մեր տարբերությունը` «Ժառանգություն»-ը կուսակցական այլընտրանք չէ, այլ համապետական կիզակետ է»: