Ընտրությունը պիտի գիտակցված լինի. Դավիթ Լոքյան

«Ցանկացած թիվ, որ նշված է մեր ծրագրում, հիմնավոր է, և հստակ է մի բան. մենք պիտի գնանք խիստ պարզեցումների: Օրինակ` եթե Շամշադինում ստեղծվի վերջապես մի ենթակառուցվածք, նա մի քանի տարվա ընթացքում այնքան գույքահարկ կվճարի, որ համայնքը բազմաթիվ հարցեր կկարողանա լուծել»,- ասաց Լոքյանը` փաստելով, որ այս պահին «Շամշադինում մի կառույց» հիմնելու համար մեծ գումարներ է պետք ներդնել այնպիսի ծառայություններ գնելու համար, ինչպիսին օրինակ, հողի փորձաքննությունն է:

Մինչդեռ, ըստ նրա, ներկայիս դրության մեջ, երբ արտագաղթն է թափ առնում, պետությունը պիտի օժանդակի ենթակառուցվածքների զարգացմանը, երբեմն էլ` ինքը աշխատեցնի գործարան ու վաճառի գործարարի, որպեսզի երկրի զարգացումն ընթացք առնի: Ըստ Լոքյանի` տնտեսական իրատեսական ծրագիր է ՀՅԴ-ի ծրագիրը:

Ընտրարշավի քաղաքական բնույթը, ըստ նրա, փոխվել է: Լոքյանի դիտարկմամբ` այս ընտրարշավում չի նկատվում իրար աղտոտելու, իրար սևացնելու մղում, ինչը քաղաքականապես հասունանալու նշան է: «Հասկացել են, որ իրար մասին վատ բաներ ասելու արդյունքում, իրենք ավելի լավը չեն երևում»,- նշեց նա:

Դավիթ Լոքյանը վստահ է, որ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը պիտի կատարի գիտակցված ընտրություն` քվեարկելիս հստակ իմանալով, թե ինչու է իր ձայնը տալիս հատկապես այս ուժին կամ մարդուն: «Օրինակ, եթե ինձ մոտենում-ասում են` ՀՅԴ-ին եմ համակրում, ես հարցնում եմ` ինչո՞ւ: Ես ուզում եմ իմանալ` մարդը ինչու է ընտրել ՀՅԴ-ին»,- ասաց նա:

Մեկնաբանել