Սուդանը կդիտարկի «Աֆրիկյան միության» «ճանապարհային քարտեզը»

«Աֆրիկյան միության» խաղաղ կարգավորման ծրագրին ավելի վաղ հավանություն էր տվել Հարավային Սուդանը։

Համաձայն «ճանապարհային քարտեզի»՝ երկու Սուդանների իշխանությունները պարտավոր են մինչև 2012թ. մայիսի 8-ը վերսկսել բանակցությունները, իսկ համաձայնությունը պետք է ձեռք բերվի այս տարվա օգոստոսի 8-ից ոչ ուշ։ Համաձայնագիրը պետք է վերաբերի երկու երկրների միջև սահմաններին, վիճելի տարածքների բնակիչների քաղաքացիությանը և նավթի արդյունահանումից ու վաճառքից ստացվող եկամուտների բաշխմանը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել էր երկու Սուդանների նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին, եթե արյունահեղությունը չդադարեցվի։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբից Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին իրադրությունը կտրուկ սրվեց։ Հարավային Սուդանը զորքեր մտցրեց Հեգլիգ նավթային հանքավայր, որը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Խարտումին է պատկանում։ Ապրիլի կեսին Հարավային Սուդանը միջազգային հանրության ճնշման ներքո իր զորքերը դուրս բերեց նավթային այս շրջանից։

Սկսած այս տարվա սկզբից՝ կողմերը բազմիցս չեն բացառել միմյանց միջև պատերազմի սկսման հնարավորությունը։

Մեկնաբանել