Facebook-ը կտեղաբաշխի $10,6-13,6 մլրդ-ի բաժնետոմս

Համաշխարհային խոշորագույն Facebook սոցցանցը տեղաբաշխվող մեկ բաժնետոմսի արժեքը սահմանել է $28-35-ի միջակայքում, ինչը ընկերության գնահատականը բարձրացնում է մինչև $77-96 մլրդ, հաղորդում է Reuters-ը։ Արդյունքում՝ IPO-ի ընթացքում ընկերությունը կարող է տեղաբաշխել $10,6-13,6 մլրդ-ի բաժնետոմս։ Սակայն հենց Facebook-ը կստանա միայն կեսը՝ մոտ $5,6 մլրդ։ Մնացած մասը՝ $4,9 մլրդ-ը, կտնօրինեն բաժնետերերը։

Վաճառքի է հանվել սոցցանցի 337,4 մլն բաժնետոմս, այն է՝ ընկերության 12,3%-ը։

Ակնկալվում է, որ Facebook-ի IPO-ն կդառնա Սիլիկոնային հովտի խոշորագույն տեղաբաշխումը՝ գերազանցելով անգամ Google-ի համապատասխան ցուցանիշը։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մայիսի 7-ից Facebook-ը road show կիրականացնի (նախքան բաժնետոմսերի տեղաբաշխումը ընկերության կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն՝ ուղղված ընկերության առաջընթացի ապահովմանը, հեղինակության բարձրացմանն ու ներդրումային գրավչության մեծացմանը)։ Որոշ հանդիպումների կմասնակցի նաև ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Սոցցանցի IPO-ն կմեկնարկի ընթացիկ տարվա մայիսի 18-ին։

Facebook-ի ֆինհաշվետվության համաձայն՝ 2012թ. 1-ին եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 12%-ով՝ կազմելով $205 մլն։ Հասույթն աճել է 45%-ով՝ գերազանցելով $1 մլրդ-ը։ Սոցցանցի օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը։

Մեկնաբանել