Սարկոզին 2%-ով բարելավել է դիրքը․ հարցում

Այսպես, համաձայն Harris Interactive-ի հարցման, որն անցկացվել է մայիսի 2-ին տեղի ունեցած Սարկոզի-Օլանդ հեռուստաբանավեճից հետո, սոցիալիստ թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53%-ը, գործող նախագահի օգտին՝ 47%-ը։ Համեմատ այս տարվա ապրիլի վերջի, երբ իրականացվել էր Harris Interactive-ի նախորդ հարցումը, Սարկոզիի ժողովրդականությունն աճել է 2%-ով։

Ընդ որում՝ հարցվածների 31%-ը հայտարարել է, որ բանավեճի ժամանակ Օլանդն ավելի համոզիչ էր։ Harris Interactive-ի հարցման մասնակիցների 29%-ը բանավեճի հաղթող է անվանել Սարկոզիին։

Համանման արդյունքներ է արձանագրել նաև CSA ընկերության անցկացրած հարցումը, ըստ որի՝ Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53%-ը, Սարկոզիի օգտին՝ 47%-ը։ CSA-ի տվյալներով՝ ապրիլի վերջի համեմատ՝ Սարկոզին տարբերությունը կրճատել է 1%-ով։

CSA-ի հարցման մասնակիցները հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել Օլանդին. ըստ հարցվածների 44%-ի՝ նա ավելի համոզիչ էր։ Նախապատվությունը Սարկոզիին է տվել հարցվածների 38%-ը։

Հանրային կարծիքի ևս մեկ ուսումնասիրություն, որն անցկացրել է OpinionWay-ը՝ մասամբ՝ նախքան բանավեճը, մասամբ՝ բանավեճից հետո, ցույց է տվել, որ Օլանդը կարող է ստանալ ընտրողների ձայների 52,3%-ը, Սարկոզին՝ 47,5%-ը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 6-ին։ Առաջին փուլում հաղթել էր Օլանդը՝ ստանալով ընտրողների ձայների 28%-ը. Սարկոզին ստացել էր ձայների 27%-ը։

Մեկնաբանել